azatutyun.am Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երեկ ժողովրդին է դիմել երկրում քաղաքական ճգնաժամի կապակցությամբ, որի պատճառը Սահմանադրական տրիբունալի շուրջ սրված վեճն է:
Վերջին օրերին Վարշավայում տեղի ունեցող իրադարձությունները Տուսկն անվանել է «Լեհաստանում իրավունքի գերակայության ավերման հերթական փուլ» և դրա համար մեղադրել է «Իրավունք և արդարություն» կուսակցությանը, երկրի նախագահ Կարոլ Նավրոցկիին ու նախագահի պաշտոնում նրա նախորդ Անջեյ Դուդային:
Ըստ վարչապետի՝ իրավիճակն ապակայունացնում են օտարերկրյա շահագրգիռ ուժերը, մասնավորապես՝ Ռուսաստանը: «Այսօր այս հակամարտությունում նրանք օգտվում են համացանցում ռուսաստանյան բոտերի բանակի աջակցությունից: Ավելին՝ նրանք նույնիսկ արժանացել են հրապարակային գովասանքների Կրեմլի գլխավոր գաղափարախոսի կողմից», – իր ընդդիմախոսների մասին ասել է Տուսկը:
Նավրոցկիին նա մեղադրել է, թե նախագահն սկզբում չի ընդունել Սահմանադրական տրիբունալի նոր դատավորների երդումը, իսկ երբ վերջիններս, հոգնելով սպասելուց, անցել են աշխատանքի, «նրանց հարձակման են ենթարկել»:
Տուսկը պնդել է, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող իր «Քաղաքացիական կոալիցիա» կուսակցության պատգամավորների հետ քանիցս փորձել են լուծել Սահմանադրական տրիբունալի հետ կապված հարցերը, սակայն բոլոր փորձերն արգելափակվել են «Իրավունք և արդարություն» կուսակցության ու նախագահ Նավրոցկիի կողմից:
Լեհաստանի խորհրդարանի պատգամավոր, նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկին, ով նախկինում ներկայացրել է «Իրավունք և արդարություն»-ը, բայց այս տարի լքել է այդ կուսակցությունը, երեկ խորհրդարանին առաջարկել է անվստահություն հայտնել Տուսկի կառավարությանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում