news.am Հայաստանում նոր քրեակատարողական հիմնարկը կկառուցվի պետություն-մասնավոր գործընկերության շրջանակում։ Այս մասին նոյեմբերի 3-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Մենք նոր քրեակատարողական հիմնարկի կարիք ունենք։ Առաջիկա ամիսներին ակտիվորեն աշխատելու ենք Ֆինանսների նախարարության մեր գործընկերների հետ՝ պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով նոր հիմնարկ կառուցելու ուղղությամբ»,- ասաց Գալյանը։
Նախարարը, մասնավորապես, հայտնեց, որ քրեակատարողական հիմնարկներում պահման պայմանների բարելավման շրջանակում գրեթե ամբողջությամբ վերանորոգվել են Աբովյանի և Վանաձորի հիմնարկները։
«Մեր առջև խնդիր է դրված փակել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը։ Նախնական ծրագրի համաձայն՝ փակման ենթակա է նաև Գորիսի հիմնարկը։ Նախատեսվում էր փակել նաև դատապարտյալների հիվանդանոցը, որն, ի դեպ, մենք ի վերջո փակեցինք»,- նշեց արդարադատության նախարարը։