factor.am Չեխիայի հանրային հեռուստատեսության և ռադիոյի աշխատակիցները մեկօրյա գործադուլ են սկսել՝ ի նշան բողոքի կառավարության ծրագրի դեմ, որը նախատեսում է կրճատել դրանց հանրային ֆինանսավորումը՝ փոխարենը ավելացնելով պետական բյուջեից հատկացվող միջոցները։ Աշխատակիցները սա համարում են հեռարձակողների անկախությունը վտանգելու փորձ, գրում է Reuters-ը։ Կառավարության ներկայացրած օրինագիծն անցյալ ամիս հաղթահարել է նախնական քվեարկության փուլը և այժմ սպասում է խորհրդարանում հետագա քննարկման։
Գործադուլի հետևանքով հեռարձակումները սահմանափակվել են։ Չեխիայի հեռուստատեսության 24-ժամյա լուրերի հեռարձակման ընթացքում ցուցադրվել է լրատվական մթնեցված տաղավարը, իսկ հաղորդավարները, ի նշան բողոքի, եղել են սև հագուստներով։
Միլիարդատեր վարչապետ Անդրեյ Բաբիշի գլխավորած պոպուլիստական կառավարությունը, որին աջակցում են ծայրահեղ աջակողմյան SPD և եվրասկեպտիկ կուսակցությունները, բազմիցս կողմնակալության մեջ մեղադրել է ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային լրատվամիջոցներին։
Կառավարող կոալիցիան նախատեսում է բարեփոխումների շրջանակում վերացնել տնային տնտեսությունների կողմից վճարվող ամսական 205 կրոնի (9,43 դոլար) հեռարձակման վճարը, որն այժմ օգտագործվում է հանրային հեռարձակողների ֆինանսավորման համար։ Ընդդիմադիր կուսակցությունները առաջարկվող փոփոխությունները համեմատել են Հունգարիայում նախկին վարչապետ Վիկտոր Օրբանի օրոք իրականացված փոփոխությունների հետ։
«Այս առաջարկը, եթե ընդունվի, կառավարող կոալիցիային գործիքներ կտա քաղաքական ազդեցություն ունենալ երկու հանրային լրատվամիջոցների բովանդակության վրա»,– հայտարարել է Չեխիայի հեռուստատեսության լրագրող, գործադուլի կոմիտեի անդամ Յան Մոլաչեկը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում