1lurer.am Սպանելու դիտավորություն չի ունեցել։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանը՝ անդրադառնալով Շաքի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի մասին հարցին։
«Հարցաքննվել է, ցուցմունք է տվել, չեմ կարող բացահայտել հարցաքննության բովանդակությունը։ Այդ դեպքով վաղը չէ, մյուս օրը ԱԺ-ում փակ հանդիպում է տեղի ունենալու։ Հիմա նախաքննական գաղտնիքի պահպանման տեսանկյունից չեմ կարող բացել ցուցմունքների բովանդակությունը։ Բայց մատնանշել է վայրը, դեպքը, տեղանքը․ ամբողջը մատնանշել է։
Ես պաշտպանելու խնդիր ընդհանրապես չունեմ։ Պիտի փաստերը գնահատենք․ այն անձը, որը մոլորվելու արդյունքում քայլելով գալիս է, մի հատ տուն է տեսնում, ապակին կոտրում է, սոված է լինում, մտնում է էդտեղ, ճաշ է սարքում, փոխվում է։ Երեխեքը մտնում են, ինքը երեխեքի ձեռքից հեռախոսը վերցնում է, ժամերով այդ երեխաներին նստեցնում է, չի վնասում»,– նշել է Արթուր Պողոսյանը։
Միաժամանակ ՔԿ նախագահը ներկայացրել է տղամարդուն մեղսագրվող արարքները՝ նշելով, որ նրան մի շարք հոդվածներով մեղադրանք է առաջադրվել։
«Մենք մեղսագրել ենք իրեն, ասեմ՝ ինչ հոդվածներ․ անձին ծանր մարմնական վնասվածք պատճառել շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազատությունից ապօրինի զրկել, բնակարանի անձեռնմխելիությունը խախտել, գողացել է նաև քարտեր և դրամ, և ապօրինի սահմանահատում»,– ասել է նա։