Ջրային կոմիտեի (ՋԿ) նախագահ Արամազդ Ղալամքարյանն ու նախագահի տեղակալ Մարտիրոս Նալբանդյանն այսօր հանդիպել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասում ենթակառուցվածքների գծով տարածաշրջանային ղեկավար Թեա Մելիքաձեի, Հայաստանի գրասենյակի ղեկավար Ռեմոն Զաքարիայի, կենտրոնական գրասենյակի գնումների պատասխանատու Նուրիլյա Մոլդախմատովայի և բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ, ծրագրերի ղեկավար Ռուդիկ Թադևոսյանի հետ։ Այս մասին հայտնում են կոմիտեից։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության կողմից հաստատված ջրամբարաշինական ծրագրերի ընթացիկ կարգավիճակը, իրականացման ժամանակացույցը ու առաջիկա անելիքները՝ կապված շինարարական ընկերությունների նախաորակավորման և պահանջվող փաստաթղթերի նախապատրաստման հետ։
Անդրադարձ է կատարվել ՎԶԵԲ-ի աջակցությամբ նախատեսվող հինգ ջրամբարների կառուցման ծրագրին, որը հավանության է արժանացել Հանրային ներդրումային կոմիտեի 2025 թ. հոկտեմբերի 23-ի 7-րդ նիստում։
Արամազդ Ղալամքարյանը շեշտել է, որ մինչև 2033 թվականը Հայաստանում նախատեսվում է մեկնարկել 10 ջրամբարի շինարարություն, որոնցից 4-ի կառուցումը պետք է ավարտված լինի, իսկ մյուս 6-ի կառուցման աշխատանքները՝ ընթացքի մեջ։
Ջրային կոմիտեի նախագահը կարևորել է ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկը՝ նշելով, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ են վերանայել գնումների նախնական ռազմավարությունը և դիտարկել աշխատանքների փաթեթավորման այլընտրանքային տարբերակներ։
Այս համատեքստում առաջիկայում նախատեսվում է իրականացնել շուկայի ուսումնասիրություն՝ հրավիրելով տեղական և միջազգային շինարարական ընկերությունների ներկայացուցիչների։ Քննարկումների ընթացքում կգնահատվեն ընկերությունների տեխնիկական և մասնագիտական կարողությունները, ինչպես նաև հինգ ջրամբարների կառուցման ծրագրի իրականացման նկատմամբ նրանց հետաքրքրվածությունը։
Կողմերը կարևորել են համագործակցության շարունակականությունը և առաջիկա ծրագրերի արդյունավետ ու ժամանակին իրականացման ուղղությամբ տարվող համատեղ աշխատանքների արագ կազմակերպումը»,- ասվում է հաղորդագրությունում։