Ադրբեջանը Հայաստանից սահմանադրության փոփոխություն պահանջել չի կարող: Այս մասին Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այլ բան և ես դրա մասին ասել եմ: Գիտեք, որ խաղաղության համաձայնագիր է նախաստորագրված: Մենք, երբ որ քննարկումներ ենք սկսել Ադրբեջանի հետ, արձանագրել ենք որ Սահմանադրության հետ կապված հարցը մեր ներքին հարցն է, և մենք չենք պատրաստվում այդ խնդիրը քննարկել որևէ արտաքին ակտորի կամ գործընկերոջ ոչ հետ, որովհետև դա մենք պատրաստվում ենք քննարկել միայն ու միայն մեր ժողովրդի հետ»,- նշել է Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահն իր հետ խոսակցություններում ասել է, որ իրենք ընդունում են, որ դա Հայաստանի ներքին գործն է․ «Իրենք այդ հարցը չեն բարձրացնում մեր առաջ բայց նաև ասում են, որ սահմանադրական այս կարգավորումների գոյության պայմաններում չեն պատրաստվում, չեն ուզում ստորագրել խաղաղության համաձայնագիրը և վավերացնել Հայաստանի Հանրապետության հետ: Կարող է թվալ, թե տարբերությունը մեծ չի այս երկու ձևակերպումների, բայց իրականում տարբերությունը շատ մեծ է և շատ կարևոր է խնդիրը ճիշտ հասկանալու համար»,- ասել է ՀՀ վարչապետը։