Բրյուսելում անցկացվող ԵՄ-Հայաստան քաղհասարակության հարթակի 9-րդ հանդիպմանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսաուղերձի միջոցով հանդես է եկել բացման խոսքով։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։
Տեսաուղերձում, մասնավորապես, նշվել է՝
«Հարգելի՛ համանախագահներ,
Տիկնայք և պարոնայք,
Շնորհակալ եմ հրավերի համար և վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը՝ Հայաստան-ԵՄ քաղաքացիական հասարակության պլատֆորմի հետ շարունակելու կառուցողական և ինստիտուցիոնալ երկխոսությունը։
2026 թվականը նշանակալի հանգրվան է ԵՄ հետ հարաբերությունների խորացման առումով։ Նախ կցանկանայի ընդգծել, որ մեր համագործակցության հիմքում ընկած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը շարունակում է առանցքային դեր ունենալ ժողովրդավարական բարեփոխումների և ոլորտային համագործակցության զարգացման գործում։
Իր հերթին Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը նոր թափ է հաղորդում այս համագործակցությանը՝ Համաձայնագիրը դիտարկելով որպես երկրի արդիականացմանն ուղղված բարեփոխումների պլան։
Վստահ եմ, որ քննարկումների ընթացքում անդրադարձ կարվի նաև այս տարի Երևանում կայացած Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին։ Պատմական այս իրադարձության արդյունքներով ընդունված համատեղ հռչակագիրը վերահաստատեց Հայաստանի ինքնիշխանության, դիմակայունության և բարեփոխումների օրակարգին ԵՄ աջակցության հանձնառությունը։
Իհարկե, մեր ձեռքբերումների արդյունավետ իրագործումը պահանջում է շարունակական աշխատանք, թափանցիկություն, բարեփոխումների մշտադիտարկում և հանրային հաշվետվողականության ամրապնդում։ Այս համատեքստում կցանկանայի առանձնակի կարևորել ԵՄ-Հայաստան քաղաքացիական հասարակության պլատֆորմի դերակատարումը՝ որպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված ինստիտուցիոնալ մեխանիզմի։ Ձեր մասնագիտական կարծիքները և զեկույցները մեծապես օգտակար են խնդիրների բացահայտման, առաջընթացի գնահատման, լուծումների և հետագա անելիքների նախանշման գործում։
Մաղթում եմ արդյունավետ քննարկումներ և շնորհակալ եմ ձեր ուշադրության համար»։