Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները | factor.am

Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ԱԲ նախարար Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետ Միխայ Պոպշոյի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև հայկական տեխնոլոգիական արտադրանքի արտահանման և համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներին։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի խորացման, բարձր տեխնոլոգիաների ոլորտում փորձի փոխանակման, թվային զարգացման և կիբեռանվտանգության ուղղություններով համագործակցության հնարավորությունները։

Դավիթ Թադևոսյանն ընդգծել է բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման կարևորությունը՝ այն դիտարկելով որպես տնտեսական դիմակայունության ամրապնդման և մրցունակության բարձրացման կարևոր նախապայման։

Հայկական կողմը մոլդովացի գործընկերներին ներկայացրել է տեղեկատվական տեխնոլոգիաների և ինժեներական կրթության ոլորտներում Հայաստանի հաջողված փորձը։ Որպես օրինակ՝ ներկայացվել են «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության և այլ կենտրոնների մոդելները։ Քննարկվել են նաև տեխնոլոգիական ստարտափների, նորարարական կենտրոնների և տեխնոպարկերի միջև անմիջական համագործակցության հաստատման հնարավորությունները։

Կողմերն անդրադարձել են նաև բարձր տեխնոլոգիական արտադրանքի և տեխնոլոգիական ծառայությունների արտահանման աշխարհագրության ընդլայնման ու դիվերսիֆիկացման հնարավորություններին՝ Մոլդովան դիտարկելով որպես հայկական տեխնոլոգիական արտադրանքի համար հեռանկարային շուկա և եվրոպական շուկաներ մուտք գործելու կարևոր գործընկեր։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև աշխատանքային շփումները՝ բարձր տեխնոլոգիաների, թվայնացման և նորարարության ոլորտներում համագործակցությունն ընդլայնելու և համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն