azatutyun.am Դուբլինում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասնակիցները նախօրեին Ֆրանսիայի նախաձեռնությամբ ստորագրել են «Եվրոպայի անվտանգության առանցքային սկզբունքներն» ընդգրկող հռչակագիր: Հայաստանը և Ադրբեջանը, որոնց ղեկավարները մասնակցում են դուբլինյան գագաթնաժողովին, հռչակագրին չեն միացել:
Գերմանիայի, Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի և ևս 35 եվրոպական երկրների ստորագրած փաստաթուղթը, France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ, ամրագրում է եվրոպական անվտանգության հիմքում ընկած առկա դրույթները և լրացնում դրանք նոր թեմաներով, մասնավորապես՝ հիբրիդային սպառնալիքները ներառող: Այսպես, հռչակագրին միացած պետությունները «ամենավճռական ձևով դատապարտում են Մոսկվայի ուժեղացած հիբրիդային արշավները» և մտադրություն են հայտնում դիմակայել այդ սպառնալիքներին ու պայքարել տեղեկատվական միջամտության դեմ:
Մասնակից երկրները հայտարարել են, որ «եվրոպական երկրները մեծ պատասխանատվություն են ստանձնում Եվրոպայում անվտանգության համար», ինչը, նրանց համոզմամբ, «դրականորեն կանդրադառնա գլոբալ և անդրատլանտյան անվտանգության վրա»:
Հռչակագրին միացած պետությունները վերահաստատում են իրենց աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
«Նրանք ընդգծում են Ուկրաինային անվտանգության ամուր և վստահելի երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտությունը և վերահաստատում են դա անելու իրենց մտադրությունը՝ ապագայում Եվրոպայում ագրեսիայի կրկնվելը կանխելու համար», – ասված է փաստաթղթում, որը հրապարակված է Ելիսեյան պալատի պաշտոնական կայքէջում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում