news.am Աբու Դաբիում, Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բազմակողմ բանակցությունների ընթացքում, ռուսական պատվիրակությունը ոչ պաշտոնապես առաջ է քաշել «եվրոպական անվտանգության նոր կարգի» դրույթներ, որոնք վերաբերել են ոչ միայն Կիևին։ Կրեմլի ներկայացուցիչները պահանջել են, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից, ինչպես նաև հանդես են եկել Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ռազմաբազաներից դաշինքի հրաժարվելու օգտին։ Այս բոլոր դրույթները փոխանցվել են Էմիրություններում ներկա Եվրամիության ներկայացուցիչներին, հայտնել է Bild-ը։
Ընդ որում, ԱՄԷ-ում ռուս բանակցողների ներկայացրած պայմանները ոչ պաշտոնական շրջանակներում քննարկվող նախաձեռնություններից միայն մեկն են։ Ռուսական կողմից զուգահեռ գործում են միջնորդների մի քանի մրցակցող խմբեր, և առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ում գաղափարներին է աջակցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հիշեցրել է Bild-ը։
Մոսկվայի պահանջները վերաբերել են նաև ՆԱՏՕ անդամ չհանդիսացող Մոլդովային։ Ռուսաստանի ներկայացուցիչներն առաջ են քաշել այս պետությունը բուն մոլդովական տարածքներից, Գագաուզիայից և Մերձդնեստրից կազմված դաշնության վերածելու ծրագիր։ Վերջինս 1991 թվականից դե ֆակտո Քիշնևի վերահսկողությունից դուրս գտնվող ինքնահռչակ պետություն է, որը չի ճանաչվել ՄԱԿ անդամ որևէ երկրի կողմից։ Երկրի՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում Մերձդնեստրը և Գագաուզիան պետք է անկախության հանրաքվեներ անցկացնելու հնարավորություն ստանան։
Ուկրաինայից խաղաղության դիմաց պահանջվում է զիջել Դոնեցկի և Լուգանսկի մարզերի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածները, հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելուց, ապառազմականացնել Նիկոլաևի և Օդեսայի նավահանգիստները, ինչպես նաև առանձին պայմանավորվածություններ ձեռք բերել Սև և Բալթիկ ծովերում նավագնացության ազատության վերաբերյալ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում