hetq.am ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) նոյեմբերի 13-ին երկրի բոլոր օդանավակայաններից ժամանակավորապես արգելել է ինքնաթիռների թռիչքները։ Արգելքը գործել է ավելի քան չորս ժամ, ինչի հետևանքով չեղարկվել է ավելի քան 6000 չվերթ, իսկ շուրջ 1,5 միլիոն ուղևոր տուժել է ավիահաղորդակցության խափանումներից։
Ինչպես հաղորդում է Axios-ը, սկզբում FAA-ն երկրի բոլոր օդանավակայաններին հրահանգել էր դադարեցնել ինքնաթիռների թռիչքները մինչև հետագա կարգադրությունը։ Վարչությունն այս որոշումը հիմնավորել էր «արտակարգ հանգամանքներով» և «անվտանգության նկատառումներով»՝ միաժամանակ նշելով, որ ԱՄՆ ժամանող միջազգային չվերթների վերաբերյալ որոշումները կկայացվեն առանձին։
Sky News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ ողջ տարածքում ինքնաթիռների թռիչքների արգելքը հազվադեպ կիրառվող միջոց է, որին դիմում են միայն արտակարգ իրավիճակներում։ Վերջին անգամ նման սահմանափակում էր սահմանվել 2023 թվականի հունվարին, երբ խափանվել էր օդաչուներին թռիչքների համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրող համակարգը։
Սկզբնական շրջանում ենթադրվում էր, որ թռիչքների համատարած դադարեցման պատճառը ավիացիոն հաղորդակցության համակարգում առաջացած տեխնիկական խափանումն է։
ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մարքուեյն Մալինը հայտարարել էր, որ իշխանությունները փորձում են պարզել խափանման պատճառները և ուսումնասիրում են բոլոր հնարավոր վարկածները։ Միաժամանակ նա ընդգծել էր, որ նախնական տվյալներով որևէ ապացույց չկա, թե տեղի ունեցածը Միացյալ Նահանգների դեմ իրականացված դիտավորյալ հարձակում է։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում