Հնավայրը, որն այլևս ոսկով չի զարմացնում․ մեկ դամբարան, երեք ժամանակաշրջան՝ Մեծամորում | Հանրագիտ

Նոր էինք հասել պեղումների վայր, հազիվ սկսել զրույցը Մեծամորի հնագիտական արշավախմբի հետ, երբ դամբարանի ներսից լսվեց հնագետների ձայնը․ 

– Էլի ոսկի գտանք։

Մեծամորի հնավայրում աշխատող արշավախմբի համար արդեն սովորական է ոսկի պեղելը։

Հոկտեմբերին արշավախումբն էլի ոսկյա իրեր էր գտել Տարոնիկ գյուղում` կոճակ, ականջօղ ու Օգոստոս կայսեր արծաթե մետաղադրամը։

Մեկ դամբարան, երեք ժամանակաշրջան

Արշավախմբի ղեկավար, հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանն «Ինֆոքոմ»-ին պատմում է, որ Մեծամորն այլևս իրենց ոսկով չի զարմացնում, բայց դամբարանը, որի մաքրման աշխատանքները սկսվել են երկու տարի առաջ, զարմացրեց․ պարզվեց, որ այստեղ թաղումներ են իրականացվել և՛ ուշ բրոնզի դարում (մ.թ.ա. 14-13 դդ.), և՛ երկաթի դարում (մ.թ.ա. 11-9 դդ.), և՛ անտիկ շրջանում ( մ․թ․ 1-ին  դ.)։

Հնավայրը, որն այլևս ոսկով չի զարմացնում․ մեկ դամբարան, երեք ժամանակաշրջան՝ Մեծամորում | Հանրագիտ
Հասմիկ Սիմոնյանը

Մեծամոր հնավայրը պեղվում է արդեն 61 տարի։ Այս տասնամյակների ընթացքում բացահայտվել է Հայաստանի հնագույն խոշոր բնակավայրերից մեկը՝ իր քաղաքով, մետաղաձուլարանով, աստղադիտարանով ու դամբարաններով։ 

«Կհավատա՞ք՝ չի եղել դեպք, որ մի դամբարան պեղենք ու ասենք՝ այ սա նույնն է, ինչ նախորդը․․․ Միշտ ակնկալիք ունես ավելի սիրունի, բայց հնագիտության մեջ երբեք չես կարող կանխատեսել, թե ինչ կգտնես։ Կարող է նաև երկար փորես ու ոչինչ չգտնես»։

Հնավայրը, որն այլևս ոսկով չի զարմացնում․ մեկ դամբարան, երեք ժամանակաշրջան՝ Մեծամորում | Հանրագիտ
Ոսկյա կոճակը, որ արշավախումբը գտավ մեր այցելության ժամանակ

Հնագետներից, վերականգնողներից և համայնքի բնակիչներից բաղկացած այս խումբը Մեծամորում պեղումներ է իրականացնում արդեն ավելի քան 10 տարի։ Այս ընթացքում հասցրել են գտնել թաղված զույգի, որոնց կատակով «Ռոմեո ու Ջուլիետ» են անվանում, 138 կտոր ոսկյա իրեր մի դամբարանում, վերջերս էլ՝ նոր պեղվող դամբարանում՝ ոսկե ականջօղեր, ուլունքներ, դաշույն ու Օգոստոս կայսեր արծաթե մետաղադրամը։

Հնավայրը, որն այլևս ոսկով չի զարմացնում․ մեկ դամբարան, երեք ժամանակաշրջան՝ Մեծամորում | Հանրագիտ
Օգոստոս կայսեր արծաթե մետաղադրամն ու ոսկե ականջօղերը

Իսկ հնավայրի առաջին պեղումները սկսվել են դեռ 1965թ․-ին հնագետ Էմմա Խանզադյանի գլխավորությամբ։ Նրան շարունակեց հնագետ Աշոտ Փիլիպոսյանը, որն էլ հետագայում ղեկավարությունը փոխանցեց Հասմիկ Սիմոնյանին։

Այս տասնամյակների ընթացքում բացահայտվել է, որ Մեծամորը բնակեցված է եղել դեռևս 5000 տարի առաջ։

Պեղումների այս արշավախմբի որոշ անդամների կապը Մեծամորի հնավայրի հետ երկար պատմություն ունի։ Լևոն Հարությունյանի ընտանիքն, օրինակ, Մեծամորի պեղումների ակտիվ մասնակիցն է դեռ 1965թ․-ից․ պապը մասնակցել է առաջին պեղումներին՝ հնագետ Էմմա Խանզադյանի գլխավորությամբ, հայրը շարունակել է գործը, մայրը հիմա աշխատում է Մեծամորի պատմահնագիտական արգելոց-թանգարանում, ինքն էլ խմբում ամենաշատ ոսկի գտնողն է․ կատակով ասում է՝ ոսկին է իրեն գտնում։

Հնավայրը, որն այլևս ոսկով չի զարմացնում․ մեկ դամբարան, երեք ժամանակաշրջան՝ Մեծամորում | Հանրագիտ
Լևոն Հարությունյանը

Հողը՝ պատմություն պատմող

Մեծամորի հնավայրի հողը շերտ առ շերտ պահպանել է պատմությունը՝ վերևի շերտերում մեզ ավելի մոտ գտնվող կյանքը, ստորին շերտերում՝ ավելի հեռուն։

Հնավայրեր կան, որտեղ կրոմլեխները (սրբազան համարվող քարեր, որոնք շրջապատում են դամբարանները) հուշում են՝ որտեղ դամբարան կա։ Մասնավոր սեփականություն համարվող այս տարածքում, սակայն, կրոմլեխները չէին երևում, և գիտնականներին օգնության եկավ երկրաֆիզիկան։ Այդպիսի հետազոտությունների ժամանակ հատուկ սարքի միջոցով «ռենտգեն» է արվում հողը, պարզվում՝ դրա տակ ինչ կա։

Հենց այդպես էլ արշավախումբն իմացավ, որ թանգարանի հարակից այս հատվածում դամբարան կա, սկսեց փորել հողը պատահական ընտրած հետախուզահորում ու միանգամից հայտնվեց անտիկ շրջանի դամբարանում։

Հնավայրը, որն այլևս ոսկով չի զարմացնում․ մեկ դամբարան, երեք ժամանակաշրջան՝ Մեծամորում | Հանրագիտ
Կրոմլեխի ու դամբարանի միջև

Երբ հասնում ենք կրոմլեխի ու դամբարանի մեջտեղը, Հասմիկ Սիմոնյանը ընդգծում է դամբարանի բացառիկությունը, այն մեզ երեք շրջանի պատմություն է պատմում։ 

Իսկ մինչև պարզ կլինի, թե ներսում պահպանվածն ինչ է ասում, չպահպանվածն արդեն պատմում է, որ անտիկ շրջանում թաղումն իրականացնողները թալանել են երկաթի դարի դամբարանը, վերջիններս էլ՝ ուշ բրոնզի դարինը։ Հնագետների այս ենթադրության պատճառն այն է, որ դամբարանները խախտված են եղել, օրինակ՝ բրոնզե դարի ձիու ոսկորները ըստ դրա կմախքի չէին դասավորված, նույն զարդի երկու մասերը միմյանցից մեծ հեռավորության վրա էին և այլն։

«Ժամանակագրորեն իրարից հեռու են եղել մարդիկ, հետևաբար հոգատարության, պահպանության հարց չկար․ թալանել են, իսկ ոսկին էլ միշտ կարելի էր հալեցնել ու ձուլել»։

Հնավայրը, որն այլևս ոսկով չի զարմացնում․ մեկ դամբարան, երեք ժամանակաշրջան՝ Մեծամորում | Հանրագիտ
Ձիու ոսկորների մի մասը

Հողի շերտերը պատմում են անցյալի մասին, լաբորատոր հետազոտությունները՝ օգնում հստակեցնել ժամանակաշրջանը։ Երբ արշավախումբը հողի շերտերը պեղում է ու գտածոներ հայտնաբերում, դրանք լաբորատորիայում անցնում են ռադիոածխածնային հետազոտության, որպեսզի պարզ դառնա՝ պեղված առարկաները կոնկրետ որ դարի են։

Հնավայրը, որն այլևս ոսկով չի զարմացնում․ մեկ դամբարան, երեք ժամանակաշրջան՝ Մեծամորում | Հանրագիտ
Ձիու ծնոտը

Բոլոր կենդանի էակները կյանքի ընթացքում իրենց մեջ կլանում ու կուտակում են ածխածին։ Երբ օրգանիզմը մահանում է, այդ ածխածնի կլանումը դադարում է, և դրա քանակությունը սկսում է աստիճանաբար նվազել որոշակի հաստատուն արագությամբ։ Լաբորատորիայում գիտնականները չափում են նմուշի (օրինակ՝ ոսկորի կամ փայտի) մեջ մնացած ռադիոածխածնի քանակը և դրանով հաշվում, թե երբ է ապրել կամ մահացել այդ օրգանիզմը։  

Ինչպե՞ս են թաղել երեք ժամանակաշրջանում

Սկսենք անդրանիկ թաղումից՝ ուշ բրոնզե դարից։ Թեև այս շրջանից դեռևս մարդկային ոսկորներ շատ չեն գտնվել, բայց ուղեկցող գույքը հուշում է՝ դամբարանը հարուստների է պատկանել։ Այս շերտից խումբն արդեն գտել է ձիերի կմախքներ, դրանց սանձերի ոսկյա գնդիկներ, կենդանիների վրա կախվող չարխափան բոժոժիկներ, նետասլաքներ ու դաշույն։ 

Մեզ համար, որ առաջին անգամ ենք պեղումների մասնակցում, ձիու ծնոտը, դրա սանձի ոսկյա ու բրոնզյա ուլունքները տեսնելն արդեն տպավորիչ էր։ Կատակում ենք՝ ձիերին բրոնզե դարում շատ են զարդարել։

Հնավայրը, որն այլևս ոսկով չի զարմացնում․ մեկ դամբարան, երեք ժամանակաշրջան՝ Մեծամորում | Հանրագիտ
Ձիու սանձի մեծ ոսկյա ուլունքներից

«Հարցը մոտեցումն է, որովհետև ձիուն, որ օգտակար կենդանի էր ապրողների աշխարհում, կմորթեին, ենթադրաբար, միայն հարուստ մարդու համար»։

Արդեն մենք էլ ենք մտնում դամբարան։ Սկզբից տեսնում ենք չարխափան բոժոժիկները, մի քանի քայլ անում ու ձիու կմախքի կողքին ենք, տեսնում ենք նոր գտնված դաշույնն ու դանակը, որոնք կոռոզիայի (մետաղի քայքայումը դարերի ընթացքում) արդյունքում կպել են իրար ու հազարամյակներով մնացել այդպես։ Կողքին՝ հազարավոր մանր, բրոնզե ուլունքներ, որոնք, հավանաբար, հագուստի զարդարանքներ են եղել։ Դրանց յուրաքանչյուրի սկզբնական գտնված տեղն էլ Լևոն Հարությունյանն անգիր հիշում է՝ մեծ մասն ինքն է գտել։

Հնավայրը, որն այլևս ոսկով չի զարմացնում․ մեկ դամբարան, երեք ժամանակաշրջան՝ Մեծամորում | Հանրագիտ
Բրոնզե դաշույնը, դրա տակ՝ դանակը, կողքին՝ ուլունքները

Հնագետը ձեռքն ուղղում է դամբարանի մի անկյունն ու պատմում, որ այդտեղից մարդու ձեռքի ոսկորներ են գտել, բայց դեռևս մարդու ոսկորների մնացորդները քիչ են հայտնաբերվել, պեղածներն էլ ուսումնասիրելու կարիք ունեն։ 

Հասմիկ Սիմոնյանն ու նրա ուսանողը՝ Աստղիկ Արզումանյանը, որը որոշել է հետևել դասախոսի օրինակին ու մասնագիտանալ հնամարդաբանության մեջ, հույս ունեն՝ մարդկային ոսկորներ ավելի շատ կգտնեն։

Հնավայրը, որն այլևս ոսկով չի զարմացնում․ մեկ դամբարան, երեք ժամանակաշրջան՝ Մեծամորում | Հանրագիտ
Աստղիկ Արզումանյանը

Բայց Աստղիկ Արզումանյանի համար, նույնիսկ երբ մարդաբանական նյութ շատ չկա, պեղումներին մասնակցելը միշտ հետաքրքիր է։ Նա Հասմիկի հետ պեղումների է մասնակցում արդեն երեք տարի, հասցրել է ուսումնասիրել Արտանիշի ու Արգիշտիխինիլիի դամբարաններն ու բնակատեղիները։

«Առանց դաշտի տարիս չեմ պատկերացնում։ Մեծամորում էլ այնքան բան կա պեղելու, որ դեռ երկար ժամանակ կաշխատենք»։

Պեղումների ընթացքում գտնվել է նաև մեկ մարդկային կմախք երկաթի դարից՝ ոսկյա մեծ կոճակի, մածուկից ուլունքների ու խեցեղենի ուղեկցությամբ, իսկ օրեր առաջ գտնված ոսկյա ականջօղերն ու Օգոստոս կայսեր արծաթե մետաղադրամը, որը, ինչպես հնամարդաբանն է բացատրում, մեռյալների աշխարհ հասնելու համար «Ստիքս գետն անցնելու վարձն» էր, արդեն անտիկ շրջանից են։

Դամբարանից դուրս գալիս Հասմիկ Սիմոնյանին հարցնում եմ՝ տեսնես՝ ինչի՞ մասին են մտածել հնում ապրող մարդիկ թաղումներն իրականացնելիս։ 

Հասմիկ Սիմոնյանը բացատրում է, որ այսօր դժվար է հստակ հասկանալ, թե ինչու են մարդիկ որոշել, օրինակ, ինչ դիրքով թաղել մարդուն։

«Պետք է հիշենք, որ նրանց գաղափարները, մտքերը, պատկերացումները, թաղման ծեսի հանդեպ վերաբերմունքը չեն համընկնում մեր ընկալումների հետ։ Մենք այսօրվա պրակտիկայով նրանց մտադրությունները չենք կարող բացահայտել»։

Մեռյալներից հետ գանք ապրողներին

Ուղեկցող գույքը հուշում է՝ դամբարանում թաղված են եղել հարուստ մեռյալներ, իսկ ի՞նչ կար ապրողների աշխարհում։

Հասմիկ Սիմոնյանը մատնացույց է անում ոչ հեռու գտնվող բլուրը․ այնտեղ է Մեծամորի պատմահնագիտական թանգարանն ու հնագույն բնակավայրը՝ իր քաղաքով, մետաղաձուլարանով, աստղադիտարանով և բազմաթիվ դամբարաններով։ Դամբարանները կառուցվել են քաղաքից ներքև, որպեսզի, ինչպես հնագետն է ասում, ապրողները կարողանային հետևել մեռյալներին։

Հնավայրը, որն այլևս ոսկով չի զարմացնում․ մեկ դամբարան, երեք ժամանակաշրջան՝ Մեծամորում | Հանրագիտ
Ոսկյա ուլունքները դրսից ծածկված են ոսկով, լցված՝ բրոնզով

Մեծամորը նաև կապ է ունեցել այլ բնակավայրերի հետ։ Հնավայրում, օրինակ, շատ են գտնվել անագից ուլունքներ, բայց Հայկական լեռնաշխարհն անագով հարուստ չէ․ դրանք բերվել են այլ տարածքներից։ Հասմիկ Սիմոնյանը պարզաբանում է, որ մեզ ամենամոտ հարուստ հանքերը Իրանի ու Աֆղանստանի տարածքներում են։

Հնամարդաբանը մանրամասնում է, որ անագի ծագումը պարզելու համար իրականացվում են նյութի բաղադրության հետազոտություններ, քանի որ յուրաքանչյուր հանքի հանածոն տարբեր բաղադրություն ունի ու ըստ դրա կարելի է հասկանալ՝ որտեղից է բերվել անագը։

Հենց այդպես էլ նախկինում հայտնաբերվել է, որ Մեծամորի ոսկին բերվել է Սոթքի հանքավայրից, մի քանի տեխնիկայով (զոդում, դրվագում, զարդանախշում) մշակվել ու կիրառվել ապրողների ու մեռյալների համար։ 

Պեղումների այս օրն ավարտվում է, Մեծամորի բացահայտումը՝ ոչ

Եռաշերտ թաղումն ու ուղեկցող գույքն, այսպիսով, ցույց են տալիս, որ դամբարանը երկար ժամանակ է կիրառվել, հետագայում՝ վերօգտագործվել։ 

Անձրևն արդեն սկսվում է, Հասմիկ Սիմոնյանը դամբարանի ներսում է․ պետք է եռաչափ նկարներ ստանա դամբարանից, որպեսզի հետագայում օգտագործեն լաբորատորիայում։

Շատ չանցած նրան է միանում խումբը, չափագրում են ամեն գտածոյի հայտնաբերված վայրի խորությունը, լայնությունը, թելադրում արշավախմբի ղեկավարին։

Հնավայրը, որն այլևս ոսկով չի զարմացնում․ մեկ դամբարան, երեք ժամանակաշրջան՝ Մեծամորում | Հանրագիտ
Հասմիկ Սիմոնյանը ստանում է դամբարանի եռաչափ մոդելը

Վերականգնման լաբորատորիայի վարիչ Տիգրան Զաքյանն էլ նշում է, որ լաբորատորիայում դեռ շատ բան կա անելու․ պետք է գտածոները նախ մանրադիտակի տակ մանրակրկիտ մաքրվեն, բերվեն իրենց նախնական տեսքին, հետազոտվեն ու պատրաստվեն թանգարանացման։

Հնավայրը, որն այլևս ոսկով չի զարմացնում․ մեկ դամբարան, երեք ժամանակաշրջան՝ Մեծամորում | Հանրագիտ
Տիգրան Զաքյանը

Խումբը ծրագրում է հոդված հրապարակել Մեծամորի այս պեղումների մասին՝ լրացնելով նախկին պեղումների մասին հոդվածների շարքը։ Հասմիկ Սիմոնյանը շեշտում է, որ դա մեկ օրվա գործ չէ։ Գտածոները դեռ պետք է անցնեն վերականգնման, լաբորատոր հետազոտությունների փուլ, ձիերի ոսկորներն ուսումնասիրվեն հնակենդանաբանների կողմից։ Այս ամենը, հնագետի խոսքով, տարիներ կարող է տևել։

Պեղումների այս շրջանը նոյեմբերի սկզբին կավարտվի. մինչև այդ խումբը պետք է հասցնի դամբարանից վերցնել գտնված «գանձերը»՝ գանձագողերից պաշտպանելու ու լաբորատորիայում հետազոտելու համար։ 

Հնավայրը, որն այլևս ոսկով չի զարմացնում․ մեկ դամբարան, երեք ժամանակաշրջան՝ Մեծամորում | Հանրագիտ
Մեծամորի հնագիտական արշավախումբը

Անձրևը դեռ չի դադարում։ Հրաժեշտ ենք տալիս արշավախմբին ու նստում մեքենան։ Գտածոներին դեռ սպասում են մաքրում, վերականգնում և հետազոտություններ․ դամբարանի պատմությունը պարզելու համար գուցե տարիներ պահանջվեն։

Գարնանը Հասմիկ Սիմոնյանն ու գործընկերները կրկին կվերադառնան Մեծամոր։ Պայմանավորվում ենք՝ Տարոնիկում նորից կհանդիպենք։

Լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի

Կարդացեք նաև  «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Մեղուների «ներքին թիմակիցները»՝ թունաքիմիկատների դեմ պայքարում | Հանրագիտ»

«Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։