arm.sputniknews.ru ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, թե Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տապալել է քաղաքի կառավարումը։ Այդ մասին նա այսօր ասաց խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի խոսքերին։
Նոյեմբերի 10-ին Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում քննադատել էր Երևանի խցանումներն ու քաղաքային երթևեկության կազմակերպումը։ Նա ընդգծել էր, թե նոր շենքերի ու թաղամասերի կառուցմանը զուգահեռ պետք է զարգացնել նաև ճանապարհային ցանցը։ Երեկ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով մայրաքաղաքի խցանումների պատճառներին, նշել էր, որ դրանք պայմանավորված են նաև ավտոմեքենաների թվի կտրուկ աճով և երթևեկության մշակույթով։ Նա հակադարձել էր նորակառույց շենքերի՝ խցանումների պատճառ լինելու մասին տեսակետին։
«Տիկին Հակոբյանը բարձրացրել է հարց խցանումների մասին, այդ խցանումների մասին խոսում են բոլորը։ Ինչ վերաբերում է Ավինյանին, ո՛չ, ես չեմ համարում, որ նա տապալել է Երևանի կառավարումը, կարծում եմ՝ նա շատ դրական փոփոխություններ է բերել Երևանի կառավարման հարցում, և կարծում եմ՝ կշարունակի բերել»,- նշեց ԱԺ նախագահը։
Նրա խոսքով՝ նորմալ է, որ տարբեր մարդիկ տարբեր դիրքորոշումներ են հայտնում խցանումների մասին, քաղաքապետարանի խնդիրն է նաև տարբեր մոտեցումներով ստեղծել իրավիճակ, որ խցանումները քիչ լինեն։