Ավելի հարմար փորձառության համար կարող եք տեղադրել մեր հավելվածը անմիջապես ձեր բրաուզերից։
Ինչպե՞ս հաշվել, թե Հայաստանի լեռնային արոտավայրերում ինչքան խոտ կա։ Ակնհայտ տարբերակը՝ իմանալ ինչքան արոտավայրեր կան, հետո հաշվել առկա բուսազանգվածը։
Բայց բոլոր արոտավայրերում բուսազանգվածի անմիջական չափումը չափազանց ժամանակատար և ծախսատար է։
Այստեղ է օգնության գալիս օդատիեզերական հեռազննումը, որի միջոցով Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի (Էկոկենտրոն) գիտնականները փորձել են գնահատել Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն բնակավայրի արոտավայրերի բուսազանգվածը՝ արդյունքներն ամփոփելով Land գիտական ամսագրում։
Հայաստանի հողերի մոտ 68%-ն ունի գյուղատնտեսական նշանակություն, որոնց մեծ մասն օգտագործվում է որպես կերահանդակ՝ արոտավայր և խոտհարք:
Հոդվածի առաջին հեղինակ, Էկոկենտրոնի գիտաշխատող Գրիգոր Այվազյանն «Ինֆոքոմի» հետ զրույցում նշում է, որ բնական կերահանդակների ճիշտ կառավարումը կարևոր է ամբողջ աշխարհի համար։
«Գյուղատնտեսությունն աշխարհի բոլոր երկրների համար բազային ճյուղ է և պարենային անվտանգության երաշխիք։ Դրա կարևոր բաղադրիչներից է անասնապահությունը, որի զարգացման հիմնական ռեսուրսը արոտավայրերի էկոհամակարգն է։ Դրանց դերը հատկապես կարևոր է Հայաստանի նման լեռնային երկրներում, որտեղ ռելիեֆի և բնական պայմանների առանձնահատկությունների պատճառով ոչ բոլոր տարածքներն են հարմարավետ մշակելու և բուսաբուծությամբ զբաղվելու համար, ուստի տարածքների զգալի մասն օգտագործվում է որպես արոտներ և խոտհարքեր՝ ապահովելով կերային բազա անասնապահության համար»։
Գրիգոր Այվազյան
Գիտնականները Ներքին Սասնաշենն ընտրելու մի քանի պատճառ են ունեցել։ Տարածաշրջանի վերընթաց գոտիականությանը զուգահեռ՝ գիտնականների համար կարևոր էր, որ արոտավայրերը խառնված չլինեն անտառներին, ինչպես լինում է, օրինակ, Տավուշում կամ Լոռիում։
Բացի դրանից՝ նախկինում Գրիգոր Այվազյանի գործընկերներն ուսումնասիրել էին Ներքին Սասնաշենի տարածքը, ուստի ավելի հեշտ էր համայնքի հետ աշխատանքը, և կար արդեն մշակված տվյալների բազա։
Մինչև կհասնենք խոտը կշռելուն, պետք է իմանալ, թե ինչու է դա անհրաժեշտ։
Երբ կենդանիները արածելու են գնում, հաճախ երկար ժամանակ են անցկացնում ավելի հասանելի տեղերում։ Այդ տեղերում չափից շատ արածելու պատճառով կարող է առաջանալ գերարածեցման ռիսկ։ Իսկ, օրինակ, ավելի բարձրադիր՝ ալպյան գոտիներում, որտեղ առատ բուսածածկույթ կա, կենդանիները սովորաբար չեն հասնում, հասնելու դեպքում էլ երկար չեն մնում, ինչը կարող է բերել այդ տարածքներում թերարածեցման ռիսկի։
Երկու երևույթներն էլ խախտում են էկոհամակարգի հավասարակշռությունը․ գերարածեցման դեպքում բուսականությունը չի հասցնում լիարժեք վերականգնվել, ինչի հետևանքով կարող է նվազել բուսածածկույթի խտությունը և մեծանալ էրոզիայի վտանգը։ Էրոզիայի հետևանքով հողը կարող է կորցնել վերին բերրի շերտը՝ օրգանական նյութերի և սննդանյութերի հետ միասին։
Իսկ թերարածեցման պատճառով չորացած բուսական մնացորդները կարող են կուտակվել և մեծ քանակության դեպքում խոչընդոտել որոշ բուսատեսակների աճին ու վերականգնմանը։
Առատ բուսածածկույթը կարևոր է նաև, քանի որ բույսերը ֆոտոսինթեզի ժամանակ կլանում են ածխաթթու գազը՝ մեղմացնելով կլիմայի փոփոխությունը։
Այսինքն՝ բուսածածկույթի զանգվածը գնահատելն օգնում է գյուղատնտեսական հողերի ճիշտ օգտագործմանը, որպեսզի և՛ կենդանիները հագենան, և՛ էկոհամակարգերը կայուն մնան։
Ներքին Սասնաշենի արոտավայրերի բուսածածկույթի հետազոտությունը Գրիգոր Այվազյանի ասպիրանտական թեզի թեման է։ Նա «Ինֆոքոմին» պատմում է, որ նմանատիպ ուսումնասիրություններ Հայաստանում էլի են արվել՝ ավանդական մոտեցումներով ու մեթոդներով (նմուշառում, գույքագրում ու քարտեզագրում)։ Իսկ Գրիգոր Այվազյանի և գործընկերների մեթոդն օգնում է օդատիեզերական հեռազննմամբ ու մեքենայական ուսուցման մոդելներով ավելի արդյունավետ գնահատել բուսազանգվածը։
Գիտնականը վերցնում է սեղանի անկյունում դրված հաշվետվությունը՝ 2010-ականների «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի հետազոտությունների արդյունքները։ Ասում է՝ դրանք իր սեղանից չեն հեռանում, պարբերաբար օգտագործում է տարիներ առաջ ավագ գործընկերների ուսումնասիրությունները, որտեղ հաշվառվել, գնահատվել և քարտեզագրվել են Հայաստանի տասնյակ բնակավայրերի արոտավայրերը ու մշակվել է արածեցման սխեմա։
Հենց այդ ցուցակում է նաև Ներքին Սասնաշենը՝ արոտավայրերի քարտեզներով, իսկ Գրիգոր Այվազյանն ու գործընկերներն արդեն արբանյակային լուսանկարներով և մեքենայական ուսուցման (ՄՈւ) ալգորիթմներով լրացնում են այդ հետազոտությունները՝ առաջարկելով բուսազանգվածի քանակական գնահատման և քարտեզագրման ժամանակակից մոտեցում։
Բուսածածկույթի հետազոտությունները նախ սկսվում են PlanetScope արբանյակային համակարգի տվյալներից։ Սա արբանյակների խումբ է, որը պտտվում է Երկիր մոլորակի շուրջ, գրեթե ամեն օր նկարում նույն տարածքն ու թարմ արբանյակային պատկերներ ստանում 3 մետր լուծաչափով (resolution)։ Այսինքն՝ դրա յուրաքանչյուր պիքսելը հավասար է 3×3 մետր տարածքի՝ մոտավորապես մեկ փոքր սենյակի հատակի չափ։
Պատկերները վերլուծելուց հետո, գիտնականները բարձրանում են Արագածի լանջերը․ այնտեղ է գտնվում գյուղի արոտավայրերի հիմնական մասը։ Միայն Ներքին Սասնաշենի տարածքում ամենաբարձրադիր ու ամենացածրադիր արոտավայրերի միջև բարձրությունների միջին տարբերությունը 2200 մետր է։ Այս արոտավայրերն ընդգրկում են 5 լանդշաֆտային գոտի՝ չոր տափաստանայինից մինչև ալպյան։
Ինչպես Գրիգոր Այվազյանն է պատմում, հեռազննումը խնայում է ժամանակ ու ռեսուրսներ և կարող է օգտակար լինել հետագայում նույն տարածքը հետազոտելիս։
«Հեռազննումը հնարավորություն է տալիս ավելի քիչ ժամանակ և ռեսուրսներ ծախսելով ուսումնասիրել մեծ տարածքներ, ինչպես նաև հնարավոր է հետ գնալ, օգտվել նախորդ տարիների արբանյակային պատկերներից և տարիների շարք ունենալ։ Եթե 2-3 տարի նմուշառում ենք իրականացնում, դրանք համադրում արբանյակային տվյալների հետ, կարող ենք մշակել մոդելներ, որոնց միջոցով հետագայում հնարավոր կլինի գնահատել բուսածածկույթի վիճակն ու կենսազանգվածը։ Այդպիսի մոտեցում՝ ավելի փոքր մասշտաբով իրականացվել է հենց այս հետազոտությունում»։
Գրիգոր Այվազյան
Նախապես ստացած նմուշառման քարտեզով գիտնականներն այդ արոտավայրերից 30 փորձահրապարակ են առանձնացնում։ Արդեն դրանց ներսում գիտնականները 1×1 մետր 3-ական փոքր քառակուսիներ են ընտրում։ Այդ 90 նմուշներից էլ հնձում են խոտը՝ հետագայում որպես հաշվարկման հիմք օգտագործելու համար։
Գրիգոր Այվազյանը պարզաբանում է, որ ավելի ցանկալի է՝ արբանյակային պատկերների ստացման ու դաշտային չափումների միջև ժամանակային տարբերությունը հնարավորինս քիչ լինի։
Դա անհրաժեշտ է, որպեսզի արբանյակային տվյալները համապատասխանեն բուսականության այն վիճակին, որը գնահատվում է դաշտում։ Բայց հաշվի առնելով, թե այդ լեռնային տարածությունը հաղթահարելն ու սար բարձրանալը ֆիզիկապես ինչքան բարդ է, իսկ նմուշառումը հնարավոր չէ իրականացնել մեկ օրում, գիտնականներն օգտագործում են դաշտ դուրս գալուն նախորդող հնարավոր ամենաթարմ պիտանի արբանյակային պատկերները։
Քանի որ 5 լանդշաֆտային գոտիներում բուսածածկույթը տարվա տարբեր ժամանակահատվածներում է հասնում աճի գագաթնակետին (ապրիլից հունիս), գիտնականները դաշտ են դուրս գալիս 5 տարբեր օրերի՝ յուրաքանչյուր գոտիականության համար և արբանյակների լուսանկարից ընտրում համապատասխան օրերի նախորդող պատկերները։
Մինչև գիտնականները կհավաքեն խոտը, բազմասպեկտրալ տեսախցիկով զինված անօդաչու թռչող սարքը (ԱԹՍ) նույն պահին նույն արոտամասերից 8 սանտիմետր լուծաչափով շատ մանրամասն պատկերներ է ստանում՝ հետագայում տվյալները լրացուցիչ ստուգելու համար։
Խոտը հավաքված է, ժամանակն է կշռել այն, վերցնել արբանյակի տվյալներն ու մեքենայական ուսուցման ալգորիթմներով հաշվել Ներքին Սասնաշենի արոտավայրերի խոտի քաշը։
Գիտնականները նախ լաբորատորիայում 24 ժամ 65°C ջերմաստիճանում չորացնում են խոտը խոնավությունը հեռացնելու և չոր զանգվածը չափելու համար։ Այս չոր քաշը ՄՈւ ալգորիթմներին տրվող տվյալներից մեկն է։ Այսինքն՝ սրանով գիտնականները պարզում են, թե 90 նմուշառման տարածքներից յուրաքանչյուրում քանի գրամ չոր խոտ կա։
Դրանից հետո գիտնականները ՄՈւ ալգորիթմներին տալիս են նաև տվյալ տարածքի ռելիեֆային բնութագրերը՝ ծովի մակերևույթից բարձրությունը, թեքությունն ու կողմնադրությունը։ Սրանք ազդում են նրա վրա, թե որքան արևկող, խոնավ կամ ցուրտ է այդ հատվածը, քանի որ արևն ու խոնավությունն անմիջականորեն ազդում են խոտի աճի վրա։
Երբ արբանյակային պատկերը համադրվում է այս տվյալների հետ, կարևոր է հաշվի առնել նաև ոչ բուսածածկ հողի ազդեցությունը։ Բանն այն է, որ երբ գարնանը կամ չոր տափաստանում խոտը նոսր է, արբանյակի գրանցած ազդանշանի վրա ազդում է ոչ միայն խոտը, այլև դրա հետ երևացող հողը։ Հողի գույնը կարող է «խաբել» արբանյակին ու համակարգչին՝ հանգեցնելով բուսականության վիճակի ու բուսազանգվածի սխալ գնահատման։
Այստեղ օգնության է գալիս SAVI-ն (Soil-Adjusted Vegetation Index)՝ հողի ազդեցությունը հաշվի առնող բուսականության ինդեքսը։ Կանաչ խոտը ֆոտոսինթեզի համար կլանում է արևից եկող տեսանելի կարմիր ալիքը և անդրադարձնում ինֆրակարմիրը, որը մեր աչքը չի տեսնում, բայց PlanetScope-ի արբանյակները տեսնում են՝ գրանցելով և՛ կարմիր, և՛ ինֆրակարմիր ալիքները։ Դրանց տարբերության հաշվարկն էլ ցույց է տալիս այդտեղ առկա կանաչ խոտի բուսականությունը։
Հետո արբանյակային պատկերների, հաշվարկված SAVI-ի, նմուշառված խոտի իրական չոր քաշի և ռելիեֆի ձևաչափական ցուցանիշների հիման վրա ՄՈւ ալգորիթմների գործարկմամբ գնահատվում ու քարտեզագրվում է բուսազանգվածը։
Գիտնականները համեմատել են մեքենայական ուսուցման 5 ալգորիթմ, որոնցից «հաղթել է» Gradient Boosting Machine (GBM) ալգորիթմը։ Այն հաջորդաբար կառուցում է որոշման ծառեր․ ամեն հաջորդ հաշվարկի ժամանակ ալգորիթմը հաշվի է առնում նախորդ հաշվարկների սխալները ու փորձում նվազեցնել դրանք։ Այս մեթոդով մշակված մոդելը հնարավորություն է տվել գնահատել արոտավայրերի վերգետնյա բուսազանգվածը։
Ինչպես Գրիգոր Այվազյանն է բացատրում, ԱԹՍ-ից ստացված բարձր մանրամասնության պատկերները շատ չօգնեցին հաշվարկների հարցում․ դրանք չբարելավեցին բուսազանգվածի գնահատման ճշգրտությունը, ինչը կարող է պայմանավորված լինել տեղանքի անհամասեռությամբ։ Բացի այդ, ԱԹՍ-ով հնարավոր չէր մեկ մոտեցմամբ նկարել արոտավայրերի հսկայական տարածքները, իսկ պարբերական նկարահանումը պահանջում է զգալի ժամանակ և ռեսուրս։
Դրա փոխարեն մեքենայական ուսուցման մոդելները հնարավորություն են տալիս արբանյակային տվյալների հիման վրա գնահատել բուսազանգվածի տարածական բաշխումը նաև այն տարածքների համար, որտեղ մարդը հասնել չի կարող կամ դրա համար շատ ժամանակ կծախսի։
Ինչպես նշում է Գրիգոր Այվազյանը, նման հետազոտություններ անելիս անհրաժեշտ են և՛ դաշտային, և՛ հեռազննման տվյալներ։ Երկու մեթոդներն իրար փոխլրացնում են։
«Հեռազննման մեջ, հատկապես այսպիսի աշխատանքներում, միշտ պետք են դաշտային աշխատանքները, որովհետև եթե ունենք հեռազննման տվյալներ, բայց չունենք ստուգաչափման տվյալներ, մեր աշխատանքի հավաստիությունը կասկածելի է»։
Գրիգոր Այվազյան
Մեթոդների համադրումով գիտնականները հայտնաբերել են, որ 2025 թվականի ապրիլ-հուլիս ամիսների դրությամբ Ներքին Սասնաշենի համայնքային 18 արոտավայրերի 1822.5 հեկտար տարածքում կա մոտ 1651 տոննա չոր խոտի պաշար (անորոշության որոշակի միջակայքով)։
Գիտնականները գնահատել են նաև վերգետնյա կենսազանգվածի տարածական բաշխումը հետազոտված բնակավայրի 5 լանդշաֆտային գոտիներում։ Մեկ քառակուսի մետրի հաշվով ամենաբարձր միջին արժեքը գրանցվել է ալպյան գոտում՝ մոտ 179 գրամ։
Հետազոտությունը պարզել է նաև, որ Ներքին Սասնաշենում ամենացածր միջին բուսազանգվածը գնահատվել է ենթալպյան գոտու Զարինջայի արոտ 1-ում՝ 1մ²-ի վրա 45.41 գրամ, իսկ ամենաբարձրը՝ ալպյան գոտու Սուսերի սարը 2-ում՝ 186.38 գ/մ²։
Գրիգոր Այվազյանը շեշտում է, որ նման հետազոտությունները կարևոր են գյուղատնտեսության համար։ Հայաստանի՝ 2020թ․-ի «Կլիմայի փոփոխության մասին չորրորդ ազգային հաղորդագրության» մեջ նշվում է, որ մինչև 2030 թ.-ը, պայմանավորված կլիմայի փոփոխությամբ, Հայաստանում արոտավայրերի ընդհանուր մակերեսն ու արտադրողականությունը կկրճատվի 4-10%-ով, իսկ խոտհարքների բերքատվությունը կնվազի 7-10%-ով։
Իսկ Համաշխարհային բանկի 2024թ․-ի Հայաստանի կլիմայի և զարգացման զեկույցի գնահատմամբ՝ առանց հարմարվողական միջոցառումների Հայաստանի շուրջ 200 հազար հեկտար լրացուցիչ արոտավայր, պայմանավորված կլիմայի փոփոխությամբ, կարող է ենթարկվել դեգրադացիայի։ Կանխատեսվում են նաև անասնապահության արտադրողականության կորուստներ մինչև 2050 թվականը՝ կախված կլիմայական սցենարից։
Գիտնականի խոսքով նման հետազոտությունները կարող են օգնել արոտավայրերի կայուն կառավարմանն ու անասնապահության արդյունավետ կազմակերպմանը։
Գրիգոր Այվազյանը գործընկերների հետ դեռևս շարունակելու է Ներքին Սասնաշենի արոտավայրերի բուսածածկույթի ուսումնասիրությունները։ Հետագա աշխատանքներում գիտնականները կուսումնասիրեն բուսականության վեգետացիոն փուլերը, բուսածածկի մասնաբաժնի տարածաժամանակային փոփոխությունները ու դրանց վրա կլիմայական գործոնների ազդեցությունը։
Լուսանկարները՝ Սարգիս Խարազյանի
Կարդացեք նաև «Հանրագիտ» շարքի նախորդ հոդվածը՝ «Դու կարող ես մաքրել պատերը, բայց չես կարող տեր դառնալ դռանը․ արցախցիների բնակեցման փորձառությունը Երևանում | Հանրագիտ»
«Հանրագիտ» շարքն իրականացվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» (ԵԳԱԾ) ֆինանսավորմամբ։