news.am Թբիլիսիում փրկարարները հինգհարկանի շենքի փլատակներից, որտեղ նոյեմբերի 19-ի առավոտյան գազի պայթյուն էր տեղի ունեցել, դուրս են բերել երեք զոհի՝ երկու կնոջ և մեկ երեխայի մարմինները, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ղեկավար Թեմուր Մղեբրիշվիլին լրագրողներին հայտնել է, որ աշխատանքները մշտապես ընթանում են, սակայն դրանք բարդանում են փլատակների վիճակի և կրկնակի փլուզման վտանգի պատճառով։
Պայթյունը որոտացել է տեղական ժամանակով 09:00-ի սահմաններում՝ Քվեմո Փոնիճալա բնակավայրի հինգհարկանի շենքում։ Հարվածային ալիքը վնասել է միջհարկային ծածկերն ու տանիքը, ինչպես նաև ավերել մի քանի աստիճանահարթակ։
Նախնական վարկածով՝ պատահարի պատճառ է դարձել հինգերորդ հարկի բնակարաններից մեկում գտնվող ջեռուցիչից կենցաղային գազի արտահոսքը։ Ենթադրվում է, որ բնակարանի սեփականատերը նախորդ օրը երկարատև բացակայությունից հետո տուն էր վերադարձել։
Դատախազությունը քրեական գործ է հարուցել անվտանգության կանոնների խախտման հոդվածով՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածի առաջին մասով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում