ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի. օրակարգում է կառավարության ծրագրի 2022 թ կատարման արդյունքների մասին զեկույցը

ՀՀ ազգային ժողովը ապրիլի 18-ին արտահերթ նիստ կգումարի:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից՝ նիստը գումարվելու է ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 6 հարց, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը:

Արտահերթ նիստում խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,  «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, «Փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որոնցով նախատեսվում է ոստիկանության ծառայողների և փրկարար ծառայողների համար ներդնել ատեստավորման համակարգ:

Օրակարգում են նաև Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցերը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև