Առաջին ձերբակալությունը Պենտագոնից փաստաթղթերի արտահոսքի գործով |azatutyun.am|

azatutyun.am: Հինգշաբթի ուշ երեկոյան Միացյալ Նահանգների իշխանությունները հայտարարեցին Պենտագոնից «Գաղտնի» և «Հույժ գաղտնի» մակագրությամբ պաշտոնական փաստաթղթերի արտահոսքի գործի շրջանակում կատարված առաջին ձերբակալության մասին։ Ամերիկացի ուժայինների փոխանցմամբ՝ հատուկ գործողությունը, որի ընթացքում ձերբակալվել է պետական գաղտնիքների հրապարակման մեջ կասկածվող անձը, իրականացվել է Մասաչուսեթս նահանգի Նորթ Դայթոն քաղաքում։

Վաշինգտոնում երեկ երեկոյան հրավիրված ասուլիսի ընթացքում Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Մերիք Գարլանդը բացահայտեց ձերբակալվածի ինքնությունը։ Դատախազի խոսքով՝ կասկածյալի անունն է Ջեյք Դուգլա Թեյշեյրա, նա Միացյալ Նահանգների Ազգային գվարդիայի ռազմաօդային ստորաբաժանման աշխատակից է։

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը գաղտնի փաստաթղթերի արտահոսքը առաջին անգամ մեկնաբանեց Թեյշեյրայի ձերբակալության լուրի հրապարակումից մի քանի ժամ առաջ Դուբլինում՝ պնդելով, թե գաղտնազերծումների գործնական, ինչպես նաև քաղաքական հետևանքները հազիվ թե շատ լուրջ լինեն։

«Արտահոսքերն ինձ չեն մտահոգում։ Ավելի ճիշտ, ինձ մտահոգում է այն, որ նման բան տեղի է ունեցել։ Դրա հետ մեկտեղ, որևէ ընթացիկ տեղեկատվություն, որ մեծ նշանակություն կարող էր ունենալ, [այդ փաստաթղթերում] չկա», – պնդում էր Բայդենը:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունից գաղտնի փաստաթղթերի արտահոսքի մասին առաջին անգամ հայտնի դարձավ ապրիլի 6-ին։ Գաղտնազերծված փաստաթղթերը տեղադրվել էին Discord սոցիալական ցանցում։ Առաջին օրերին դրանց թիվը չէր գերազանցում մի քանի տասնյակը, երեկվա դրությամբ, սակայն, ամերիկյան մի շարք լրատվամիջոցների պնդմամբ, գաղտնազերծված պաշտոնական գրությունների թիվը հասել էր 300-ի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն