Դատախազությունը ցանկանում է բռնագանձել հետախուզվող դատավորի գույքը

Նախկին դատավոր Սամվել Ուզունյանն ու նրա կինը՝ Ալլա Հարությունյանը, հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչություն՝ իրենց հետ կապված վարույթի շրջանակում պարզաբանումներ ներկայացնելու։ Այս մասին տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների «Ազդարար» հարթակից։

Ըստ ծանուցման՝ «Հոկտեմբերի 27»-ի գործը քննած դատավոր Ուզունյանին ու նրա կնոջը առնչվող գույքերի հետ կապված իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր․ Ուզունյանն ու նրա կինը հրավիրվել են դիրքորոշում ներկայացնելու։

Հիշեցնենք՝ 2019 թվականի դեկտեմբերի 21-ին Բարձրագույն դատական խորհուրդը համաձայնություն տվեց Սամվել Ուզունյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն: Նույն թվականի դեկտեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ դատավոր Ուզունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում. նա հատել էր սահմանը հենց այն օրը, երբ դատարանը նրան կալանավորելու որոշում էր կայացրել: Նշենք նաեւ, որ Ուզունյանի ճամպրուկում հայտնաբերվել էր փամփուշտ, ինչի առթիվ էլ ծառայողական քննություն է  նշանակվել:

Քրեական գործը վերաբերում է այն ժամանակահատվածին, երբ Ուզունյանը ղեկավարում էր Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Ըստ դատախազության հաղորդագրության՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Սամվել Ուզունյանը մի դեպքում 2014 թվականի հոկտեմբերին ներկայացված քաղաքացիական հայցի գործով հայցվորի օգտին դատական ակտ կայացնելու համար միջնորդելու, մեկ այլ դեպքում 2007 թվականին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված, ապա վարույթը կարճված քրեական գործով տուժողի օգտին գործողություններ կատարելու, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ նպաստելու համար, նրանցից պահանջել և տարբեր ժամանակահատվածներում ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ մի դեպքում 13.000 ԱՄՆ դոլարին, մյուս դեպքում՝ 38.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի կաշառք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն