armeniasputnik.am: Հայաստանի և Թուրքիայի միջև բնականոն հարաբերություններ հաստատելու մեծ հնարավորություն կա։ ԱԺ-ում, ներկայացնելով կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից։
«Այդ հնարավորությունը մեծացել է վերդիվանագիտական և վերքաղաքական գործոնների՝ մարդկային արժեքների շնորհիվ, երբ ՀՀ-ն որոշեց տրամաբանությամբ արձագանքել Թուրքիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժին։ Թուրքիան էլ իր հերթին Մարգարայի կամուրջը մեր բեռների համար չէր բացի, եթե չհավատար մեր անկեղծությանը»,- ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Անկարա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի ԱԳ նախարարության դիմաց ծածանվող ՀՀ տասնյակ դրոշները միայն արարողակարգային ատրիբուտ չեն, այլ արձանագրում, որ հույսը կարող է ծագել այնտեղ, որտեղ տիրում է հուսահատությունը։ ՀՀ-ի և Թուրքիայի դրոշները վեր խոյացան մեր հարաբերությունների և աղետալի երկրաշարժի բերած ավերակների վրա։
«Հույս ունեմ, որ առաջիկայում Հայաստան-Թուրքիա սահմանը կբացվի և հիմք կստեղծվի հարևանային, բնականոն հարաբերությունների զարգացման համար։ Այս առումով կարևոր է, որ առաջիկա ամիսներին երրորդ երկրների քաղաքացիներին և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանը հատելու պայմանավորվածությունը կյանքի կոչվի»,- ասաց Փաշինյանը։
Լուսանկարը՝ ՀՀ վարչապատի աշխատակազմի / ԱԺ-կառավարություն հարցուպատասխան, 13․04․2023