news.am: Երևանի Ֆիրդուսի թաղամասի բնակիչներն այսօր՝ ապրիլի 21-ին, կրկին բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի մոտ՝ պահանջելով իրենց գույքի համար պատշաճ փոխհատուցում տալ։
Նշենք, որ դեռ 2015 թվականին, կառավարությունը, ելնելով գերակա հանրային շահից, որոշել է քանդել «Ֆիրդուսի» թաղամասի մի քանի տներ և պահեստներ։ Բնակիչների մեծ մասը փոխհատուցում է ստացել, սակայն կան բնակիչներ, որոնք փոխհատուցման չափը համարում են անհամաչափ և չեն լքում իրենց տները։
Անցած շաբաթ` ապրիլի 14-ին Ֆիրդուսի բնակիչներին ՀՀ կառավարությունից խոստացել էին մինչև ապրիլի 18-ը պատասխան տալ սեփականատերերի նամակին, որն ուղարկվել է գրեթե 1 ամիս առաջ, սակայն պատասխան չեն ստացել:
Այսօր նրանք պահանջում են իրենց նամակի պատասխանը և բարձրաձայնումւ են սեփականատերերի իրավունքների ոտնահարման մասին:
Բնակիչներից Ռուբեն Աթոյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ֆիրդուսի թաղամասում երևի Հայաստանում ամենամեծ կոռուպցին ռիսկերն են կուտակված, մենք չենք ուզում դառնալ այդ ռիսկերի զոհը: Այն օրենքը, որով այս գործողությունները կատարում են, ունի հակասություններ Սահմանադրության հետ: Մենք ընտրել ենք ցիվիլ ճանապարհ, ասում ենք՝ ստեղծեք հանձնաժողով, թող քննի: Ֆիրդուսի փողոցը, Խանջյան փողոցի նրբանցքը 2013-ին սեփականաշնորհվել է և գրավադրվել անգամներ բարձր գներով, որի մասին մենք նոր ենք իմացել: Այսինքն մենք չենք կարողանում անարգել օգտվել մեր սեփականությունից: Մարդիկ կնքել են պայմանագրեր, որ կառուցվող շենքում պետք է բնակարան տան, բայց չեն տվել: 60-70 հոգի այդպիսի մարդ է եղել, որոնց մի մասին 2015-ին տվել են ինչ-որ հրաժարագիր: Օրերս ԾԻԳ-ի տնօրենը հարցազրույց է տալիս ու ասում, որ 300-ից ավելի գույք կա, որից 270-ից ավելին իրացված է: Փորձում են ներկայացնել, թե այդ 270-ը նորմալ իրացում է եղել: Իրականում դրանց կեսից ավելին խաբված պայմանագրեր են: Մարդկանց ասել են՝ արի պայմանագիր կնքի, կառուցվող շենքում բնակարան կտանք: հետո ասել են՝ այդ շենքը չի կառուցվելու:
Թող գա միջազգային աուդիտ և մանրակրկիտ ուսումնասիրի ու կտեսնենք, թե ինչեր են բացվում, թե ոնց է մասնավորը պետության օգնությամբ պրոբլեմներ ստեղծում բնակիչների համար, ինչ է թե այդ հողը հրապուրիչ սեփականություն է:
Ավելի մանրամասն՝ news.am-ում։