armtimes.com: «Օսկանյանն ինձ հետ 44-օրյա պատերազմից հետո հանդիպել է»:
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով լրագրողի այն հարցը, թե արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմից առաջ ու հետո տարբեր մարդկանց միջոցով փորձել է հանդիպել իր հետ, բայց չի կարողացել:
Հարցին, թե ո՞րն է այն երրորդ տարբերակը, որով Օսկանյանն առաջարկել է գնալ, Փաշինյանն արձագանքեց. «Թող իրենք հրապարակեն իրենց տարբերակները, ես իրենց խոսնակը չեմ: Ասում են՝ 2018 թվականին մենք սա էինք ուզում առաջարկել, թող հիմա հրապարակեն, թե ինչ էին ուզում առաջարկել, ես էլ կարձագանքեմ: Իրենց առաջարկներն ամբողջությամբ արտահայտված են իրենց թողած բանակցային ժառանգության մեջ»:
Վարչապետը նկատեց՝ իր ակնկալիքն է, որ ֆունդամենտալ պրոբլեմներին անդրադառնանք:
«Իսկ ֆունդամենտալ պրոբլեմն այն է, որ բանակցային իրականությունը մի բան է եղել, եկել տեսախցիկների առաջ ուրիշ բան ենք խոսել: Հիմա ես ինչ եմ փորձում անել 2018 թվականից, փորձում եմ այնպես անել, որ բանակցային սենյակներում և հրապարակային՝ ժողովրդի հետ խոսակցությունը, լինի նույնը, և դա շատ ցավոտ և բարդ պրոցես է»,- նկատեց նա: