ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել ճանաչողական այցով Հայաստանում գտնվող արգենտինացի լրագրողների, գործարարների, իրավաբանների և հասարակական գործիչների պատվիրակության հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Նշվում է, որ Պարույր Հովհաննիսյանը հյուրերին ներկայացրել է հայ-արգենտինյան երկկողմ ավանդական բարեկամական հարաբերությունների դրական ընթացքը: Այդ առնչությամբ շեշտվել է պարբերական քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, առևտրատնտեսական և միջխորհրդարանական, մշակութային կապերի զարգացումը:
«ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը, 2023 թ. ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանությունների կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման և ապօրինի անցակետի տեղադրման հանգամանքը, ինչը կոպտորեն ոտնահարում է 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը։ Այդ առնչությամբ շեշտվել է միջազգային դերակատարների հասցեական արձագանքների կարևորությունը՝ ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ վերացնելու ապօրինի շրջափակումը և կատարելու Արդարադատության միջազգային դատարանի կողմից փետրվարի 22-ին կայացված որոշումը:
Տեղի են ունեցել նաև մտքերի փոխանակում տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
