Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առիթով․
Հանրաքվեին մասնակցած եւ անկախությանն «այո» ասած քաղաքացիներն ինչի՞ մասին էին երազում իրենց քվեարկության պահին։ Այսպիսի վիճակագրություն չկա, բայց վստահաբար, մեր այդ հայրենակիցներին առաջնորդել է ազատ, խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ պետություն կառուցելու բնական մղումը։
Երրորդ Հանրապետության կյանքը, ցավոք, այդպիսին չստացվեց․ շրջափակումը, պատերազմը, տնտեսական անկումը, արտագաղթը թույլ չտվեցին անկախության հանրաքվեի երազանքն իրականություն դարձնել։ Բայց նույնիսկ ամենադժվար ու ողբերգական օրերին, որ ապրել է Երրորդ Հանրապետությունը, այդ երազանքը թեկուզ խամրել, բայց երբեք չի մարել մեր քաղաքացիների աչքերում, մտքում եւ հոգում։
Տառապանքների ու զոհողությունների միջով անցնելով՝ այսօր, ահա, մենք այս կետին ենք հասել եւ սրա մասին է Չորրորդ Հանրապետության հաստատման օրակարգը, երազանքի կատարման հնարավորությունն այլեւս երբեք բաց չթողնելու մասին։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առիթով։