Մեր ներկայությամբ վերահաստատում ենք մեր զորակցությունը բարեկամ հայ ժողովրդին. Կոլոննա |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի և ԵՄ-ի միակ նպատակը խաղաղության և վստահության մթնոլորտի վերականգնումն է: Այդ մասին Ջերմուկում անդրադառնալով տարածաշրջանային և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ ասաց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան:

«Միայն խաղաղության համաձայնագիրը հնարավորություն կտա իսկապես լուծել մնացած բոլոր հարցերը, որոնք բխում են այս իրավիճակից: Այդ պատճառով է, որ ԵՄ-ն ուղարկել է դիտորդական առաքելություն, այն քաղաքացիական առաքելություն է, զինված առաքելություն չէ, որի նպատակն է տեղում արձանագրել իրավիճակը, ինչը հնարավորություն է տալիս ԵՄ-ին, ԵՄ երկրներին ունենալ ուղիղ, առաջին ձեռքից վկայություններ տեղի իրավիճակի մասին: Առաքելությունը, մեր կարծիքով, շատ օգտակար է այս առումով: Այս առաքելության աշխատանքի շնորհիվ է, որ կարողանալու ենք առաջ գնալ այս ճանապարհով»,- ասաց Ֆրանսիայի ԱԳ նախարարը:

Կոլոննայի խոսքով՝ իր համար կարևոր էր այստեղ գալը, որ մի կողմից իր աջակցությունը հայտնի ԵՄ դիտորդական  առաքելությանը, որը կարևոր աշխատանք է կատարում այստեղ, ու նաև տեղում սեփական աչքերով տեսնի իրավիճակը: «Մենք իրավիճակին տեղեկանում ենք փաստաթղթերի հիման վրա, բայց սեփական աչքով տեսնելն էլ շատ կարևոր է, և ևս մեկ անգամ այս այցով, մեր ներկայությամբ վերահաստատում ենք մեր աջակցությունը և զորակցությունը բարեկամ հայ ժողովրդին: Ամեն ինչ ավելի լավ ես հասկանում, երբ տեսնում ես քո աչքերով, և, տեսնելով առաջխաղացումը այս նոր դիրքերի վրա, ավելի լավ ենք իրավիճակը հասկանում և ևս մեկ անգամ կարևորում ենք այս առաքելությունը»,- նշեց Կատրին Կոլոննան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով