Ադրբեջանցի «էկոակտիվիստներ»-ը ժամանակավորապես դադարեցնում են Լաչինի միջանցքում իրականացվող ակցիան

Ադրբեջանցի «էկոակտիվիստներ»-ը հայտարարել են, որ այսօր՝ ժամը 18։00-ից, դադարեցնում են Լաչինի միջանցքում իրականացվող ակցիան։

Նշվում է, որ «էկոակտիվիստներ»-ը Շուշիի շրջանում հանդիպում են ունեցել Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ, որի ժամանակ կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են, որ «ապրիլի 23-ից պետական   սահմանային ծառայության ստորաբաժանումները անցակետ են տեղադրել Հայաստանի հետ սահմանին և, ըստ այդմ, սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծվել․ արդյունքում ակցիայի մասնակիցներին ևս մեկ անգամ առաջարկվել է դադարեցնել ակցիայի անցկացումը»։

«Էկոակտիվիստներ»-ի հայտարարության մեջ նշվում է, թե քանի որ իրենք մասամբ հասել են իրենց պահանջներին և նաև, հաշվի առնելով կառավարության ներկայացուցիչների կողմից բազմիցս հնչած դիմումները,  «էկոակտիվիստներ»-ը որոշել են ժամանակավորապես դադարեցնել բողոքի ակցիան։

Նշենք, որ «էկոակտիվիստների» հեռանալուց հետո էլ Արցախը կշարունակի շրջափակման մեջ մնալ, քանի որ ապրիլի 23-ին ադրբեջանական կողմը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում է՝ «Լաչինի միջանցք»-ում, այնտեղ անցակետ տեղադրել։

Հիշեցնենք նաև, որ 2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել էր Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ էր հայտնվել Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն