ՀՀ վիճակագրական կոմիտեն ամփոփել է 2022թ․ մարդահամարի նախնական տվյալները։ Ըստ հրապարակված տվյալների՝
- ՀՀ մշտական բնակչության թվի ցուցանիշը 2022թ. հոկտեմբերի 13-ի 00 ժամի դրությամբ կազմել է 2 928 914 մարդ:
Մշտական բնակչության թիվը ներառում է ՀՀ-ում մշտապես (սովորաբար) բնակվող ու հաշվառման պահին ներկա, ինչպես նաեւ ժամանակավոր բացակա բնակչության թվերի ցուցանիշների հանրագումարը։ Իսկ ժամանակավոր բացակաները ՀՀ-ում մշտապես բնակվող, բայց մարդահամարի պահին ՀՀ-ից մինչեւ մեկ տարի ժամկետով բացակա անձինք են:
- 2022թ. հոկտեմբերի 13-ի 00 ժամի դրությամբ առկա բնակչության թիվը կազմել է 2 638 917 մարդ։
Առկա բնակչության թիվը ՀՀ-ում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա եւ ժամանակավոր ներկա բնակչության թվերի ցուցանիշների հանրագումարն է: Ժամանակավոր ներկաների թվում են մարդահամարի պահին ՀՀ-ում ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով գտնվող եւ մշտապես չբնակվող անձինք:
2001 թվականի մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 213 011, առկա բնակչության թիվը՝ 3 002 598 մարդ։
Իսկ 2011 թվականի մարդահամարի տվյալներով ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 3 018 854, առկա բնակչության թիվը՝ 2 871 771 մարդ։