Ավտոբուսի վարորդն իրեն ագրեսիվ է պահել, ծխախոտը դուրս է նետել, մանրադրամ ուզել. նա հեռացվել է |news.am|

news.am: Նախորդ շաբաթ ֆեյսբուքում գրառում էր տեղադրվել, որտեղ կար բողոք մեր վարորդներից մեկի՝ ոչ հարիր պահվածքի մասով: Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, Երևանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ նշեց քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:

«Գրառման մեջ ասվում էր, որ վարորդը ագրեսիվ է իրեն պահել, վարելու ընթացքում ծխել է, մնացորդը դուրս է նետել և ուղևորներին պարբերաբար հորդորել է, որ մանրադրամը փոխանցեն իրեն»,- ասաց նա:

Իր հերթին «Երևանի ավտոբուս» ԲԲԸ-ի տնօրենը նշեց, որ բոլոր ավտոբուսներում տեղադրված են տեսախցիկներ, և իրենք դիտել են տվյալ տեսանյութը. «Հաստատվեց, որ վարորդն իրեն շատ վատ է պահել, թույլ չի տվել դրամը գցել արկղի մեջ, ասել է՝ տվեք ինձ: Այո, ծխել է և ծխախոտը դուրս է նետել: Այդ վարորդը հեռացվել է աշխատանքից: Մենք ամենօրյա ռեժիմով վարորդներին հորդորել ենք, որ ղեկին չեն ծխելու, բոլորը լինելու են սափրված, մաքուր, ավտոբուսները լինելու են մաքուր: Եթե կլինեն վարորդներ, որ կշարունակեն ծխել, կհեռացվեն աշխատանքից:

Ես քաղաքացիներին ուզում եմ խնդրել, որ ավտոբուս բարձրանալիս ունենան 100 դրամանոց և գցեն արկղը, չտան վարորդին»,- ասաց նա:

Քաղաքապետի պաշտոնակատարը խնդրեց այդ տեսանյութը փոխանցել քաղաքապետարանի լրատվական վարչությանը, որ, եթե հարկ կլինի, սոցիալական բնույթի հոլովակ նկարահանեն այս պատմության շուրջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն