hetq.am: Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարց հնչեցրեց փախստականների մասին։ Ըստ պատգամավորի՝ փախստականների իրավունքների հարցերով զբաղվող մի քանի հասարակական կազմակերպություն օրեր առաջ Երևանում համաժողով է կազմակերպել՝ «Ադրբեջանական ագրեսիայի հին և նոր փախստականները. անցյալը ներկան և ապագան» խորագրով: Ընդունվել է հռչակագիր, որը բարձրաձայնում է հարյուր հազարավոր հայ փախստականների իրավուքների մասին: Արձանագրվել է, որ նրանք իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիք կամ հայրենիքի այն հատվածը, որտեղ հնարավոր է ապահովել նրանց ֆիզիկական անվտանգությունը, քաղաքական և քաղաքացիական իրավունքները:
Վիլեն Գաբրիելյանը հետաքրքրվեց Կառավարության դիրքորոշման մասին բարձրաձայնված խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև Հայաստանը՝ որպես պետություն, մարդկանց ոտնահարված իրավունքների մասով նախատեսո՞ւմ է որևէ ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել, որպեսզի այդ հարցը հասնի միջազգային ատյաններ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, նշեց, որ ծանոթացել է հռչակագրի բովանդակությանը և, ըստ նրա, բարձրացված հարցերի ճնշող մեծամասնությունը լեգիտիմ է:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 2019թ․ Կառավարությունը «Ադրբեջանից փախստական դարձածների ծրագիր» է իրականացրել՝ բնակարաններով ապահովելու նպատակով, որը շարունակվում է:
«Գուցե ճիշտ կլինի, որ առաջիկայում աշխատանքային հանդիպում կազմակերպենք և ավելի մանրամասն քննարկենք հարցը: Այո՛, մենք գիտենք, որ այդ պրոբլեմը կա: Հայաստանում կան Բաքվի ջարդերի, Սումգայիթի ջարդերի հետևանքով փախստական դարձածներ, Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած այլ գործողությունների հետևանքով փախստական դարձածներ, Լեռնային Ղարաբաղից և շրջակա տարածքներից փախստականներ, որն արձանագրված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հայաբնակ գյուղերն այժմ բնակեցվում են ադրբեջանցիներով, և հայերի ունեզրկման գործընթաց է տեղի ունենում: