news.am: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը երեքշաբթի ժամանել է Կիեւ։ Այս մասին նա տեղեկացրել է Թվիթերում։
«Ուրախ եմ նորից գտնվել Կիեւում, որտեղ արժեքները, որոնք թանկ են ԵՄ-ի համար, պաշտպանվում են ամեն օր»,- գրել է նա՝ գնացքի վագոնի մոտ արված իր լուսանկարը հրապարակելով։
«Ուստի, սա այնքան հարմար տեղ է Եվրոպայի օրը նշելու համար,- ավելացրել է ֆոն դեր Լյայենը։- Ես ողջունում եմ [Ուկրաինայի նախագահ Վլադիմիր] Զելենսկու որոշումը՝ մայիսի 9-ը դարձնել Եվրոպայի օր նաեւ այստեղ՝ Ուկրաինայում»։ Երկուշաբթի Զելենսկին հրամանագիր էր ստորագրել մայիսի 9-ը Եվրոպայի օր նշելու մասին։ Նացիզմի դեմ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի օրը, որն Ուկրաինայում մինչ այդ նշվում էր մայիսի 9-ին, նախատեսվում է տեղափոխել մայիսի 8-ին։
Եվրահանձնաժողովի ղեկավարը 2022թ. սկզբից հինգերորդ անգամ է այցելում Կիեւ, սակայն բոլոր նախորդ դեպքերում ԵՀ-ն այցերի մասին հայտարարություններն արել է միայն Լյայենի՝ Ուկրաինա գալուց հետո՝ դա բացատրելով անվտանգային նկատառումներով։ Այս անգամ, պատճառը չնշելով, Եվրահանձնաժողովը սպասվող այցի մասին հայտարարել է մայիսի 8-ին։