Օրենսդիրը քննարկում է պետական սահմանի անցակետում հակահամաճարակային վերահսկողության նախագիծը |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովը քննարկում է «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը խորհրդարանում ներկայացրեց, որ նախագծով առաջարկվում է ամրագրել լիազորող նորմ, ինչը հնարավորություն կտա համապատասխան տեսչական մարմնին սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնել, եւ կվերանա օրենսդրական բացը, կապահովվի օրենքում օգտագործվող տերմինների միատեսակ կիրառումը․

«Ներկայումս գործող օրենսդրության համաձայն` սահմանի անցման կետերում իրավասու մարմինների կողմից արտակարգ իրավիճակ առաջացնող դեպքերի տարածման կանխարգելման եւ դրանց դեմ պայքարի նպատակով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատող անձանց եւ բեռների, ապրանքների, ուղեբեռների, փոստային ծանրոցների, մարդկանց դիակների, կոնտեյներների եւ տրանսպորտային միջոցների նկատմամբ օրենքով սահմանված կարգով իրականացվում են վերահսկողության եւ, անհրաժեշտության դեպքում, առողջապահական միջոցառումներ»,- ասաց Ավանեսյանը:

Նշված լիազորությունը նախկինում իրականացնում էր ԱՆ առողջապահության պետական տեսչությունը: Ներկա իրավիճակում վերահսկողական ֆունկցիան վերապահված է տեսչական մարմիններին, սակայն Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին որեւէ օրենքով սահմանի անցման կետերում վերահսկողություն իրականացնելու լիազորություն չի վերապահվել:

Հետեւաբար, ինչպես նշեց Ավանեսյանը, նշված լիազորության՝ օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտություն է առաջացել, ինչը հնարավորություն կտա նշված տեսչական մարմնին իրականացնել համապատասխան վերահսկողություն՝ առաջնորդվելով «Տեսչական մարմինների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի դրույթով եւ հիմք ընդունելով առաջարկվող նախագծով ամրագրվող նորմը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը հիմնական զեկուցողից հետաքրքրվեց՝ մինչ այս օրենքի ընդունման պահը, այս ընթացքում հսկողություն իրականացվե՞լ է։ Ավանեսյանը նկատեց, որ ունենք օրենսդրական բաց, ենթաօրենսդրական ակտերով Առողջապահական եւ աշխատանքի տեսչության կանոնադրության մեջ նման կարգավորումներ կան, բայց ունենք լիազորող նորմի պակասի խնդիր, ուստի այս կարգավորումից հետո փոփոխություններ կիրականացվեն նաեւ ենթաօրենսդրական ակտերի շրջանակում եւ բաց հատվածը կկարգավորվի։ Զեկուցողն ասաց, որ սահմանում իրականացվում էր ստուգումը, սակայն օրենքով պետք է ամրագրվի կարգավորումը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով