armeniasputnik.am: Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաք նախաձեռնող երիտասարդների խումբն այսօր Արցախի Հանրապետությունում կազմակերպված ստորագրահավաքի թղթային տարբերակների պատճեններն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանատներին և ՀՀ կառավարությանը։
«Քանի որ Արցախից կազմակերպիչներն անձամբ չեն կարողանում գալ մասնակցել, մենք ենք եկել ստորագրությունները հանձնելու»,–ասաց երիտասարդներից մեկը` Գարիկ Գևորգյանը։
Նա հայտարարեց, որ սա քաղաքական շարժում չէ և իրենք քաղաքական գործիչներ չեն, բայց հավաքվել են արցախցու ձայնը աշխարհին լսելի դարձնելու համար։
Ստեփանակերտից Տիգրան Միքայելյանը Երևան է եկել ուսման համար և հիմա չի կարողանում իր ընտանիքի անդամներին տեսնել, որոնք շրջափակված են Արցախում։
«Մենք ակնկալում ենք սպառիչ գործողություններ, ոչ թե կոչեր»,–ասաց Միքայելյանը։
Նա նշեց, որ այսօր Արցախում ապրող յուրաքանչյուր հայ բազմաթիվ խնդիրների է բախվում։ Եթե դեղորայքի, սննդի հետ կապված խնդիրները քիչ թե շատ հաղթահարվում են, անվտանգային հարցերը, Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակում են հուզել մարդկանց։
Խմբի ներկայացուցիչները պահանջագիրը հանձնեցին Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, ԱՄՆ դեսպանատուն, Ֆրանսիայի դեսպանատուն, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ և ՀՀ կառավարություն։
Արցախի մի խումբ երիտասարդների նախաձեռնած պահանջագրով կոչ է արվում ապահովել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումը և դադարեցնել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը: