Նիկոլ Փաշինյանը այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում պատասխանեց հարցին, թե արդյո՞ք իր որդուն հորդորել է հրաժարվել բողոքից․
«Ո՛չ, չեմ հորդորել իմ որդուն, որովհետև երբ որ առաջին խոսակցությունը տեղի է ունեցել այդ թեմայի վերաբերյալ, իմ որդին իր փաստարկներով զրկել է ինձ նման խնդրանքով դիմելու հնարավորությունից։ Երբ ես նրա հետ զրուցում էի, նա ասում էր՝ «ամբողջ նպատակը և խնդիրը այն չէ՞, որ ՀՀ-ում իրավական ձևերով լուծվեն հարցերը․ բա՞ ես հիմա ոնց արձագանքեմ էդ փաստին․ ենթադրենք ես էլ իմ ընկերներին վերցնեմ ինչ-որ պատասխան գործողություն անեմ, անհարգալից վերաբերմունքին անհարգալից վերաբերմունքո՞վ պատասխանեմ․ բնականաբար, դա անընդունելի է և ՀՀ-ում մարդիկ պետք է արձանագրեն, որ հարցերը պետք է իրավական ճանապարհով լուծել»,- պատմեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ որդին ասել է, թե իր ընկալմամբ, սա է եղել Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեության ու պայքարի ամբողջ նպատակը և իմաստը։ Վարչապետը ընդգծեց, որ որդու խոսքերից հետո չունի որևէ փաստարկ այդ կոչով կամ խնդրանքով նրան դիմելու։
Լրագրողի հարցին, թե արդյոք դա ընտրովի արդարադատություն չէ, քանի որ վարչապետի շարասյան վրաերթից մահացած Սոնա Մնացականյանի գործով մեկ տարի անց ոչ մեկ պատասխանտվության չի ենթարկվել, իսկ այս դեպքում, երբ հետևանքը ծանր չէ, միանգամից կալանքի խափանման միջոց է կիրառվել, վարչապետը նկատեց․ «Բնականաբար, շատ ցավում եմ միջադեպի վերաբերյալ, միջադեպից հետո հեռախոսազրույց եմ ունեցել վրաերթի արդյունքում զոհված կնոջ հոր հետ։ Նա ասել է, որ ակնկալիքն այն է, որ իրավական ընթացակարգով տեղի ունենա ամեն ինչ․․․
Տեղյակ չեմ գործի ընթացքից, բայց որևէ պատճառ չեմ տեսնում, որ այդ գործի ընթացքը օբյեկտիվորեն տեղի չունենա»։
Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, նրանց աջակցող քաղաքացիները մայիսի 20-ից անժամկետ նստացույց են անում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ազատ արձակել զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Մարտիրոսյանին, ով կալանավորվել է մեկ ամսով Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով։