Գերագույն խորհրդի որոշմամբ սահմանվել է, որ Արցախի կարգավիճակը հայ ժողովրդի տեւական նպատակներից ու իղձերից մեկն է, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ճանաչումը։ ՀՀ սահմանադրությունն էլ իր ուժը ստանում է ԳԽ որոշումից եւ Անկախության հռչակագրից։ Փաստորեն, Դուք հիմա Բրյուսելում պայմանավորվել եք Արցաը թողնել Ադրբեջանի կազմում։ Ի՞նչ եք կարծում, արդյոք սա Ձեր կողմից ՀՀ սահմանադրության խախտում չէ՞, եւ նաեւ Դուք եք բազմիցս ասել, որ Ադրբեջանը Արցախում ցանկանում է էթնիկ զտումներ, ցեղասպանություն իրականացնել, էս դեպքում ո՞նց եք պատկերացնում, որ Արցախը կարող է Ադրբեջանի հետ ինչ-որ երկխոսություններ վարել, արցախցիներն էլ էնտեղ շարունակեն ապրել։ Մամուլի ասուլիսի ժամանակ նման հարց հնչեցրեց լրագողներից մեկը, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը ասաց․
«Ադրբեջանը, մեր ընկալմամբ, ԼՂ-ում էթնիկ զտումների եւ ցեղասպանության քաղաքականություն է իրականացնում, եւ մեր խնդիրն է առաջինը ամեն ինչ անել այդ քաղաքականության իրագործումը թույլ չտալու համար, եթե հնարավոր է այդ քաղաքականությունը փոխելու ուղղությամբ՝ ոչ միայն միջազգային հանրության կողմից իրականացվող ճնշումներով, այլեւ Ադրբեջանի հետ կառուցողական բանակցությունների միջոցով, նաեւ Բաքու-Ստեփանակերտ ինստիտուցիոնալ երկխոսություն ձեւավորելու միջոցով»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց՝ լրագրողը Սահմանադրության հետ կապված չափազանց կարեւոր հարց է բարձրացնում։
«1989 թվականին ՀՀ ԳԽ-ն եւ ԼՂ Մարզային խորհուրդը որոշում են կայացրել ԼՂ-ի եւ ՀՀ-ի վերամիավորման վերաբերյալ։ 1990թ․-ին ՀՀ-ն ընդունել է Անկախության հռչակագիր՝ հղում անելով նաեւ այդ որոշմանը։ 1991թ․-ին ԼՂ-ն հայտարարել է անկախություն։ Ումի՞ց է հայտարարել էդ անկախությունը։ Տարբերակ 1․ ՀՀ-ից, եթե էս տարբերակն է՝ ԳԽ եւ ՄԽ որոշումները խախտվել են, թե չէ, եթե խախտվել են, ինչու խախտողները պատասխանատվության չեն ենթարկվել։ Եթե Ադրբեջանից, ինչպե՞ս է, Ադրբեջանից անկախություն հռչակելու պարագայում Անկախության հռչակագիրը եւ Մարզխորհրդի որոշումը խախտվել ե՞ն, թե՞ ոչ, որովհետեւ եթե վերամիավորվել ենք ՀՀ-ի հետ, ումի՞ց ենք անկախություն հռչակում։ Սա տեղավորվում է Ձեր հարցի մեջ։ 1995-ին ՀՀ-ն ընդունել է Սահմանադրություն հանրաքվեով, 97 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է իր «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը», որտեղ ասել է, որ ԼՂ անկախության հարցում մենք բարեկամներ չունենք, եւ, ըստ էության, ասել է, որ դա հնարավոր չէ»,- նշեց վարչապետը։
Լրագրողի ճշտող հարցին՝ այդտեղ ԳԽ որոշումը, Հռչակագիրը, Սահմանադրությունը խախտվել են, թե՞ չէ, Փաշինյանը ասաց․
«Հաջորդը, 1998թ․-ին տեղի է ունեցել իշխանության փոփոխություն, եւ ՀՀ-ն բանակցային գործընթացից դուրս ա թողել ԼՂ-ին, որից հետո բանակցություններին որպես հիմք ընդունվել է «Ընդհանուր պետություն» տարբերակը, որտեղ արձանագրված է, որ ԼՂ-ն ինչ-որ տիպի միավորվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում (ես բառերը անգիր չեմ հիշում, բայց իմաստների մեջ վստահ եմ հարյուր տոկոսով)․ սրանով Սահմանադրությունը խախտվե՞լ է, թե՞ չի խախտվել։ Որից հետո քննարկվել է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ տարածքների փոխանակման բանակցային փաթեթը, որը հրապարակված է, բոլորդ տեղյակ եք՝ Մեղրիի շրջանը հանձնելու դիմաց ԼՂ-ն ստանալ․ սա Սահմանադրության խախտու՞մ է, թե՞ չէ։ Որից հետո ընդունվել է «Մադրիդյան սկզբունքները», որի առանցքային, անկյունաքարային դրույթներից մեկը, եւ դե ֆակտո, եւ դե յուրե, այն է, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտման հարցը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ՝ ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով․ հարց․ Սահմանադրությունը, Հռչակագիրը, 89 թվականի որոշումը խախտվել ե՞ն, թե՞ ոչ։ Որովհետեւ եթե անցյալում, ըստ նարատիվի մեր, հանրաքվե է տեղի ունեցել, եւ կարգավիճակը ճշգրտվել է, ապագայում ի՞նչ հանրաքվե է տեղի ունենալու, եւ ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի մասին համաձայնությունը զրոյացրել է անցյալում տեղի ունեցած հանրաքվեն, որովհետեւ եթե դու ասում ես կարգավիճակը պետք է որոշովի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեն, էդ նշանակում է անցյալում տեղի ունեցած հանրաքվեով կարգավիճակը չի որոշվել․ 89թ․ որոշումը, Հռչակագիրը, Սահմանադրությունը խախտվե՞լ են, թե՞ չեն խախտվել։
Հաջորդը․ ասում է, որ պոտենցիալ հանրաքվեն չի կարող սահմանափակել (հայկական կողմի դիրքորոշումն է եղել) ԼՂ-ի որեւէ կարգավիճակ։ Սա նշանակում է, որ էդ համաձայնությամբ ԼՂ-ն կարող էր լինել Ադրբեջանի մաս, ընդ որում Ադրբեջանի կազմում առանց որեւէ կարգավիճակի։ Եթե ասում ենք, որ կարգավիճակի որեւէ սահմանափակում չի կարող լինել, ուրեմն չի կարող լինել կարգավիճակի սահմանափակում, որ ԼՂ-ն Գյանջայի շրջանի մաս է։ Հիմա, էդ սկզբունքն ընդունելով, 89թ․ որոշումը, Անկախության հանրաքվեն, Սահմանադրությունը խախտվե՞լ են, թե՞ չեն խախտվել։
Հաջորդը․ երբ ասվել է, որ հանրաքվեն պետք է տեղի ունենա կողմերի միջեւ համաձայնեցված ժամկետներում, կողմերն էլ Հայաստանն ու Ադրբեջանն են, եթե ինքնորոշվել է, եթե չենք համարում Ադրբեջանի մաս, ինչի՞ ենք Ադրբեջանի հետ համաձայնեցնում ժամկետներ, դրանով խախտվե՞լ է, թե՞ չի խախտվել Սահմանադրությունը»։
Լրագրողը արձագանքեց․ «Ձեր նշած էդ ենթադրյալ խախտումներից որեւէ մեկի պարագայում դրանցից որեւէ մեկը միս ու արյուն չի ստացել, դրանք եղել են բանակցային պրոցեսներ, իսկ Դուք պատրաստվում եք Արցախի վրա վերջնական խաչ քաշել։ Ձեր նշած դեպքերում Արցախն ուներ Պաշտպանության բանակ, պետական ինստիտուտներ, որոնք աշխատում էին, եւ Դուք պատրաստվում եք վերջնական Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում եւ հենց էդ վերջնական ակտն էլ լինելու է ՀՀ սահմանադրության խախտումը, Ձեր նշած կետերը ինձ համար ուղղակի բանակցային դրվագներ են եղել, որոնք այդպես էլ կյանքի չեն կոչվել, շատ դեպքերում նաեւ Ադրբեջանի անհամաձայնության պայմաններում»։
Նիկոլ Փաշինյանը նշեց՝ ինքն էլ է վկայակոչում ԳԽ որոշում եւ Սահմանադրություն․
«Իմ ասածի եւ Ձեր ասածի մեջ բացարձակ տարբերություն չկա։ Կտրականապես համաձայն չեմ Ձեր այս դիտարկման հետ, որ մենք Արցախի կամ ԼՂ-ի վրա խաչ ենք քաշում։ Որ ասում եք եղել են բանակցային բովանդակություն, էդ բովանդակությունը հո չի՞ ցնդել, դա միջազգային ըմբռնում է ձեւովորում բանակցությունների վերաբերյալ, դրանք հո վակուումի մեջ գոյություն չունե՞ն, դրանք կան՝ որպես միջազգային ընկալման մաս։ Ես ասում եմ՝ մենք եկել ենք եւ պատկերի կեսն ենք ներկայացրել, երբ խոսում էինք, եւ հիմա էլ փորձ ենք անում պատկերի կեսը ներկայացնել՝ ասելով ինքնորոշում, հանրաքվե եւ այլն։
Մենք պետք է հստակ գծենք առաջնահերթությունները․ որո՞նք են մեր առաջնահերթությունները, մենք պիտի կողմորոշվենք մեր ռազմավարական մոդելի վերաբերյալ, մեր պետության վերաբերյալ։ Ես կարծում եմ, որ առաջնահերթությունը խաղաղության օրակարգն է, որովհետեւ դա է բխում ՀՀ-ի եւ հայ ժողովրդի շահերից։ Եւ մեր կառավարությունը գնում է էդ քաղաքականության հետեւից, ինչը փաստ չի, որ մեզ մոտ կստացվի, ինչպես եւ փաստ չի, որ էդ ամեն ինչը, որ նախկինում հնչել է, կստացվի։ Է թող լիներ, ո՞վ էր դեմ»,- ասաց Փաշինյանը։