ՔԿ-ն հաստատում է, որ Տավուշում ՊՆ զորամասի շտաբի պետի և պարեկների մասնակցությամբ միջադեպ է եղել. կան ձերբակալվածներ |armtimes.com|

armtimes.com: Մամուլում լուրեր են շրջանառվում, որոնց համաձայն՝ երեկ՝ հունիսի 11-ին, Տավուշի մարզում ՊՆ N զորամասի շտաբի պետի, նրա ընկերների և պարեկների միջև միջադեպ է տեղի ունեցել։ 

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրուցում հաստատեց, որ նման միջադեպ է եղել Տավուշի մարզում՝ այլ մանրամասներ չհաղորդելով:

«Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ ՔՕ 452 հոդվածի 3-րդ մասի և 297 հոդվածի 1-ի մասի հատկանիշներով (պաշտոնական անձի ծառայողական գործունեությունը խոչընդոտելու և խուլիգանություն)։ Այս պահին երեք անձ ձերբակալված է»,- ասաց նա։

Ըստ ԶԼՄ-ների՝ երբ պարեկները փորձել են ավտոմեքենան տեղափոխել Ոստիկանության Բերդի բաժնի պահպանվող հատուկ տարածք, ուղևոր 20-ամյա Վարդան Պ․-ն փորձել է պարեկներին համոզել, որպեսզի չտեսնելու տան այդ ամենը և ավտոմեքենան չտեղափոխեն տուգանային հրապարակ։ Նա նաև հայտնել է, որ մեքենան էլ ուրիշ մարդու չի պատկանում, պաշտոնյայի է։ 

Պարեկներն, այնուամենայնիվ, հորդորել են Վարդան Պ․-ին, որ չխոչընդոտի իրենց աշխատանքին և ավտոմեքենան տեղափոխել են Ոստիկանության Բերդի բաժին։

Հասնելով «Ուտիք» ռեստորանային համալիրի մոտ՝ մի պահ կանգ են առել, և այդ պահին ռեստորանից դուրս են եկել մի խումբ անձինք, այդ թվում՝ զինվորականներ, և նրանց մեջ է եղել 38-ամյա Միհրան Խ․-ն։ Վերջինս մոտեցել է պարեկներին և պահանջել, որ տեսախցիկներն անջատեն։ Սակայն, ըստ սկզբնաղբյուրի, պարեկներից մերժում ստանալով, սկսել է հայհոյանքներ հնչեցնել։ Եվ այդ պահին ևս 2 հոգի, որոնցից մեկը Միհրան Խ․-ի հորեղբոր որդի 23-ամյա Գագիկ Պ․-ն է, հարձակվել են պարեկների վրա և ձեռքերով հարվածներ հասցրել նրանցից մեկին։

Պարեկները մի քանի անգամ հորդորել են, որ չշարունակեն հակաօրինական գործողությունները, դադարեցնեն դրանք և չխոչընդոտեն իրենց օրինական աշխատանքին, սակայն օգուտ չի տվել։ Պարեկները ստիպված կիրառել են հատուկ միջոց՝ ցրիչ պղպեղային միջոց և ձեռնաշղթա։

Ի վերջո` պարեկներին հաջողվել է նրանց տեղափոխել Ոստիկանության Տավուշի բաժին, որտեղից էլ անձինք ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 6-րդ կայազորային քննչական բաժին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն