Ադրբեջանական կողմը հայտնում է Հակարիի կամրջի միջադեպի հետևանքով վիրավորի մասին |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայատարարություն է տարածել, համաձայն որի, իբր, Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական հսկիչ անցագրային կետը գնդակոծվել է հայկական զինված ուժերի կողմից։

Համաձայն այդ հաղորդագրության՝ հունիսի 15-ին, ժամը 08:45-ին «Հայաստանի տարածքից գնդակոծության հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողը, որը ծառայություն էր կատարում Լաչինում պետական սահմանին տեղակայված հսկիչ անցագրային կետում»։ 

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը պնդում է, թե, ադրբեջանական կողմը պատասխան կրակ է արձակել, իսկ «վիրավորված զինծառայողին ցուցաբերվել է բժշկական օգնություն, նրա կյանքին վտանգ չի սպառնում»։ 

Ադրբեջանական Caliber լրատվամիջոցը, որը փոխկապակցված է այդ երկրի պաշտպանության նախարարության հետ, գրում է, որ «հայկական կողմը գնդացրային կրակն արձակել է ադրբեջանական ՀԱԿ-ի դիմաց տեղակայված հայկական դիրքից»։  Բացի այդ նշվում է, որ «կրակն արձակվել է Ադրբեջանի պետական դրոշի բարձրացման ժամանակ»։

Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ԱԱԾ հաղորդագրության, այսօր՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման և ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու փորձը կանխվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն