tert.am: Ադրբեջանը վտանգի տակ է դնում ընթացող խաղաղության բանակցությունները և Կովկասում հետագա ապակայունացման ռիսկ ստեղծում հայկական տարածքում իր հարձակումների միջոցով:
Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոունը:
«Պետքարտուղարությունը պետք է փորձի կասեցնել ագրեսիայի այս անիմաստ գործողությունները և առաջ մղի Հայաստանի սահմանների ճանաչմումն ու հարգումը», – գրել է քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հայտնել էր, որ հունիսի 15-ին՝ ժամը 08:40-ի սահմաններում, Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել՝ ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով: Փորձը կանխվել էր։
Միևնույն ժամանակ այսօր՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ: Ավելի ուշ՝ ժամը 13:35-ին, Տեղի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ ծառայության զինծառայողը:
Նախօրեին Ադրբեջանը կրակ էր բացել Երասխի ուղղությամբ: ՊՆ-ի հաղորդմամբ՝ Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ Ադրբեջանի սադրանքի հետևանքով վիրավորում է ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: