Ըստ Փաշինյանի՝ Գլխավոր շտաբը պատերազմի ժամանակ չէր հաստատում Արցախի նախագահի տված տեղեկությունները

Փաշինյանը քննիչ հանձնաժողովում ներկայացրեց Շուշիի անկման պատմությունը իր ընկալմամբ։ Նրա խոսքով երբ Շուշիի անկյունաքարային նշանակությունը էլ ավելի է ընդգծվել, բոլոր հրահանգները Շուշին ամրացնելու, Շուշիի պաշտպանությունը կազմակերպելու վերաբերյալ էին։ 

«Ի վերջո՝ հաստատվեց տպավորություն, որ ամեն անհրաժեշտը արված է։ Բայց այդ նախապատրաստական գործողություններից շատ չանցած՝ լուր եկավ, թե ադրբեջանցիների մի խումբ Զարիսլի գյուղի հատվածում ճեղքել է մեր պաշտպանությունը և կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, այսինքն՝ ըստ էության փակել ճանապարհը։ 

Լուրն ինձ հաղորդեց ԼՂ նախագահը, սակայն ԶՈՒ գլխավոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկատվությունը։ Սա, ի դեպ, պատերազմի ընթացքում արդեն մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, ԳՇ-ն չէր հաստատում լուրը, անգամ հերքում էր, իսկ որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկությունն է ճիշտ։ Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, թե ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով շարժվող քաղաքացիական ավտոմեքենայի վրա։ Ըստ էության՝ այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո երկրորդ և այդպես շարունակ․ «Ի վերջո՝ նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին։ Սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր հրահանգներում, հրամաններում, խորհրդակցություններում ասել էի, որ Շուշին պետք է պահվի և ստացել էի հավաստիացում, որ կպահվի։ Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք՝ Շուշին պահել, հետ վերցնել։

Ի վերջո՝ ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ինչ-որ հաջողությունների մասին, հետո ասացին՝ օպերացիան հաջող է ընթանում, հետո՝ Շուշիի ներսում ենք։ Մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը պաշպանության բանակի վերահսկողության տակ է։

Հետո եղավ եռակողմ հայտարարության ստորագրումը, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերվա հարձակումը կառավարության շենքի վրա, և երբ 1-2 օրից վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին, որ մենք Շուշիում ոչ մի զինվոր չունենք»։

Փաշինյանն ասաց, որ Շուշիի անկման դրվագի, ինչպես նաև պատերազմի այլ հանգանքների հետ կապված քրեական գործեր են հարուցված, և այս հանգամանքները դեռևս սպասում են ու պետք է արժանանան մանրամասն պարզաբանման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև