Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում մասնակցում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Նա, խոսելով վերջին տասնամյակների ընթացքում բանակցային սեղանին եղած փաստաթղթերի մասին, Մադրիդյան սկզբունքներ կոչվող փաստաթղթի վերաբերյալ ասաց․
«Քի-Վեսթից հետո խմորվեցին-խմորվեցին եւ 2007թ․-ին պաշտոնապես սեղանին դրվեցին այսպես կոչված Մադրիդյան սկզբունքները, որոնք ասում էին, որ ԼՂ-ի վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով։ Այս ձեւակերպմամբ վերջին քարը դրվեց ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում չլինելու դամբարանին։ Որովհետեւ այս պահին, երբ ՀՀ-ն ու Ադրբեջանը համաձայնվեցին Մադրիդյան սկզբուքներն ընդունել որպես ԼՂ հարցի կարգավորման բանակցային հիմք, 1991թ․ դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքներն առնվազն դիվանագիտական առումով եւ քաղաքականապես զրոյացվեցին այն պարզ պատճառով, որ եթե կարգավիճակը որոշվելու է ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, ուրեմն անցյալում տեղի ունեցած հանրաքվեով կարգավիճակ չի որոշվել։ Այսինքն՝ հանրաքվեի միակ իմաստն ու նպատակը, որը ԼՂ կարգավիճակի որոշումն էր, անկախության ամրագրումը՝ որպես բանակցային գործոն, ահա այդ պահից զրոյացվել է։
Այստեղ ծագում է մի չափազանց հետաքրքիր հարց․ եթե 1991-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները զրոյացվում են, նշանակո՞ւմ է արդյոք, որ ուժի մեջ է մնում 1989թ․ դեկտեմբերի 1-ի՝ Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂ-ի վերամիավորման մասին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂ Ազգային խորհրդի համատեղ որոշումը։ Ողբերգությունն այն է, որ Մադրիդյան սկզբունքները զրոյացնում են նույնիսկ այդ որոշման իրավական նշանակությունը, որովհետեւ եթե ԼՂ իրավական կարգավիճակը որոշվելու է ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, նշանակում է, որ նույնիսկ Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ ԼՂ Ազգային խորհրդի՝ անցյալում կայացված համատեղ որոշմամբ այդ կարգավիճակը չի որոշվել։ Իսկ եթե 1989-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ էլ ԼՂ դե-յուրե կարգավիճակը չի որոշվել, նշանակում է ուժի մեջ է այն դե-յուրե կարգավիճակը, որը ԼՂ-ն ունեցել է 1989թ․ նոյեմբերի 30-ին, այսինքն՝ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է՝ ըստ այդ ձեւակերպումների։
Ամենահետաքրքիրն այն է, որ Մադրիդյան սկզբունքների այդ ձեւակերպման հեղինակը ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն է, եւ նա հրապարակային իրեն համարում է Մադրիդյան սկզբունքների այդ ձեւակերպման հայրը, եւ ուրեմն նա իրեն պետք է համարի նաեւ ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում չլինելու դե-յուրե բոլոր հիմքերը ջախջախելու փաստարկների հայրը։
Ընդ որում՝ ՀՀ իշխանությունները հասկանում էին առաջարկվող ձեւակերպումների պրոբլեմատիկան, սա հասկանում էր նաեւ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուն պատրաստվող Սերժ Սարգսյանը, որը, որպես պաշտպանության նախարար, 2005-ի հոկտեմբերին ԱՄՆ կատարած այցի ընթացքում Կարնեգի կենտրոնում տեղի ունեցած հրապարակային քննարկման ժամանակ հայտարարել է, մեջբերում եմ․ «Փոխզիջում է նաեւ այն, որ Հայաստանը հիմա հայտարարում է, որ համաձայն է ԼՂ տարածքում կրկնակի հանրաքվե, այսինքն՝ երկրորդ անգամ նորից հանրաքվե անցկացնելուն»,- մեջբերման ավարտ։ Ստեղ ձեւակերպումների մեջ ուշադրություն դարձրեք, որ Հայաստանն է համաձայն, որ ԼՂ տարածքում․․․ Այսինքն՝ ԼՂ-ն համաձայն ա, համաձայն չի՝ մենք չգիտեն, բայց արդեն Հայաստանն ա ամեն ինչ որոշում, ԼՂ կարծիքը հարցնող չկա էլ։ Իսկ ինչո՞ւ էին նման որոշումներ կայացնում ՀՀ այն ժամանակվա իշխանությունները կամ ինքը՝ Սերժ Սարգսյանը։
Նախ, վերջինս, ինչպես ասացի, պատրաստվում էր ստանձնել Հայաստանի նախագահի պաշտոնը, եւ միջազգայնորեն կառուցողական դիրքորոշում ունեցողի իմիջի կարիք ուներ, նախագահի պաշտոնում իր հայտնվելու՝ մեծ հավանականությամբ կասկածելի ճանապարհների եւ լեգիտիմության նկատմամբ միջազգային ըմբռնման կարիք։ Եւ այդ ֆոնին հենց Սերժ Սարգսյանն ու իր թիմն էին, որ առաջ բերեցին մի կասկածելի կարգախոս՝ «վատագույն բանակցություններն ավելի լավ են, քան լավագույն պատերազմը»։ Նրանք այդպես էլ չհասկացան, իսկ եթե հասկացան, ավելի վատ, որ վատագույն բանակցություններով Ադրբեջանին ժամանակ են տալիս պատրաստվելու իր համար լավագույն պատերազմին, եւ մենք հետագայում կտեսնենք, թե ինչպես հիմնարար մակարդակում իր խնդիրները լուծելով (նկատի ունեմ 1989-91թթ․ ԼՂ կարգավիճակի վերաբերյալ հայկական որոշումները զրոյացնելը) Ադրբեջանը պարզապես որդեգրեց «Այն, ինչ ես ուզում եմ, տվեք խաղաղ ճանապարհով, այլապես ես այդ նույնը կստանամ պատերազմով» սկզբունքը։ Այսինքն՝ «Վատագույն բանակցություններն ավելի լավ են, քան լավագույն պատերազմը» կարգախոսով նախ Ադրբեջանին պատերազմի պատրաստվելու ժամանակ էին տալիս, եւ հետո կապում էին Հայաստանի ձեռքերն ու ոտքերը, որ մի իքս պահի Հայաստանը եւ Ղարաբաղը հայտնվեն անելանելի վիճակում․․․»։