Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում կհանդիպեն հաջորդ շաբաթ․ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետաձգված հանդիպումը տեղի է ունենալու հաջորդ շաբաթ։ Կառավարության հունիսի 22-ի նիստի մեկնարկին այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է անցկացնել նաև սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովի նիստ և նիստն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա։ Հայաստանը պատարստ է նաև տրանսպորտային ու տնտեսական ապաշրջափակմանը՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության ու փոխադարձության սկզբուքների ներքո»,- ասաց նա։

Փաշինյանը նաև ներկայացրեց Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմամբ պայմանավորված՝ ԼՂ-ում ստեղծված իրադրությունը լուծելու մասով հայկական կողմի պատկերացումները:

  • «Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի, և սա միջազգային օրակարգի հարց է՝ ներառյալ ՄԱԿ-ի ԱԽ հարց, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը:
  • Պետք է ի վերջո գործարկվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմը, որի շրջանակներում կհասցեագրվի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետն անդրադարձավ նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ նշելով, որ այդ մասով հայկական կողմի դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը:

«Մեր բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար»,- ասաց նա:

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հունիսի 8-ին հայտարարել էր, որ ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների մակարդակով Վաշինգտոնում նախատեսված քննարկումների հերթական փուլը։ Հանդիպումը նախատեսված էր հունիսի 12-ին։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում հանդիպումների շարք էին անցկացրել նաև մայիսի սկզբին։ Քառօրյա բանակցություններից հետո երկու երկրների արտաքին գործերի նախարարությունները նշել էին, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ կողմերի դիրքորոշումները մնում են տարամետ։ Միրզոյանի ու Բայրամովի միջև ևս մեկ հանդիպում էր կայացել նաև մայիսի 19-ին Մոսկվայում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն