armtimes.com: Նոր ավիաընկերության մուտքը ՀՀ շուկայում արդեն իսկ գործող ընկերությունների համար անհավասար մրցակցության պայմաններ ստեղծելու ռիսկեր է պարունակում։ ԱԺ-ում՝ «Պետտուրքի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ, ասաց ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:
Խոսելով տնտեսական մրցակցության հանձնաժողովի եզրակացության մասին՝ Թունյանն ասաց, որ թեեւ դրա մեջ 4 էջ ռիսկերի մասին է շարադրված, բայց դրանով հանդերձ այն դրական եզրակացություն է տվել նախագծին:
«Դուք նշում եք, որ ձեր հաշվարկներով 300 հազար ուղեւորահոսք կավելանա, ուզում եմ հասկանալ՝ որտե՞ղ են այդ հաշվարկները, ովքե՞ր են դրանք արել, հաշվե՞լ եք ընդհանրապես, թե եթե օդի պետական տուրքը հանենք, գուցե դրա արդյունքում տնտեսական էֆեկտը շատ ավելի մեծ լինի»,- ասաց Թունյանը՝ հավելելով, որ սա ոչ թե քայլ առաջ է, այլ կիսաքայլ, որ կարող է վատ մեսիջ ունենալ։
Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ քննարկում է «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը։ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը հարցի քննարկման ժամանակ ասաց, որ շուտով կարող է շուկա մուտք գործել հայկական ավիաընկերություն։
Նա նշեց, որ ավիաընկերությունն արդեն Ազգային ավիափոխադրող դառնալու իրավունք ստանալու մասին հայտ է ներկայացրել Քաղավիացիայի կոմիտեի քննարկմանը:
Ռեւազյանը հարցի քննարկման ժամանակ առաջարկեց «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքը լրացնել նոր կետով. «Գաղափարն այն է, որ մենք խթանում ենք նոր ուղղություններ, որոնք չեն սպասարկվել վերջին 12 ամիսների ընթացքում: Մեր նպատակն է, որ նոր ուղղություններ սպասարկող ավիաընկերությունները, որոնք պետությունից ստացել են արտոնություն, սեզոնայնությունից ելնելով՝ ժամանակավորապես չփակեն այդ ուղղությունները»:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ավիաընկերություններից պահանջում է արտոնություն ստանալիս իրականացնել իրենց չվերթները ողջ տարվա ընթացքում:
Արտոնությունը տրվում է երեք տարի ժամկետով՝ եւս երկու տարի երկարաձգելու հնարավորությամբ․ «Մենք այսպես վերացնում ենք այն ռիսկը, որ մի ընկերություն կարող է մտնել շուկա, բացել տաս նոր ուղղություններ եւ դառնալ միակ ավիաընկերությունը, որ տվյալ ուղղություններով ստանում է արտոնություն»։