ՌԴ Լիպեցկի շրջանի ղեկավարը հաստատել է` «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման տեխնիկան շարժվում է Լիպեցկի տարածքով։
«Իրավապահ մարմիններն ու իշխանությունները, ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։ Իրավիճակը վերահսկելի է։ Կրիտիկական ենթակառուցվածքների շահագործման խափանումներ չկան։ Հիշեցնում եմ, որ բնակիչներին խստորեն խորհուրդ է տրվում դուրս չգալ տներից և հրաժարվել որևէ տրանսպորտով երթևեկելուց»,- «Տելեգրամ»-ում գրել է Լիպեցկի շրջանի ղեկավար Իգոր Արտամոնովը:
Լիպեցկի շրջանի օպերատիվ շտաբից էլ հայտնում են՝ շրջանի ճանապարհների մի շարք հատվածներ էքսկավատորների միջոցով փորել են՝ դրանք դիտավորյալ վնասելու նպատակով։
«Արմատական միջոցներ են ձեռնարկվել ավտոճանապարհներով տրանսպորտային միջոցների երթեւեկությունն ամբողջությամբ դադարեցնելու համար», – ասված է շտաբի հայտարարության մեջ։
Ռուսական լրատվականները ավելի վաղ լուսանկարներ էին հրապարակում ճանապարհներից՝ նշելով, որ դրանք վնասվում են՝ «Վագներ»-ի տեղաշարժը սահմանափակելու նպատակով։
Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը ռազմական հեղաշրջման կոչ էր հնչեցրել և շարժում սկսել իր խմբավորման հետ․ «Մենք 25 հազար ենք և գնում ենք պարզելու ինչու է երկրում ամենաթողություն տիրում», – հայտարարել էր Պրիգոժինը։ ՌԴ-ում անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռնարկվել։
Լուսանկարը՝ BBC-ի ռուսական ծառայության