forrights.am: Հերթական աղմկահարույց միջադեպն է տեղի ունեցել Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների մասնակցությամբ։ Նրանք թմրանյութեր փնտրելու մտադրությամբ ներխուժել են Երևանի Բաղրամյան պողոտայում գործող «Բան» ակումբ, որտեղ գտնվող քաղաքացիներին բռնությունների են ենթարկել, հայհոյել և հնչեցրել անձի արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ։
Այս միջադեպի մասին Forrights.am-ին ահազանգել է ակումբի այցելուներից մեկը, որը ոստիկանության ծառայողների բռնի գործողություններից վախեցած է և խուսափում է անձը բացահայտելով ներկայացնել տեղի ունեցածը։
Նա Forrights.am-ին տեղեկացրեց, որ ոստիկանությունը բռնություն կիրառել է հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը։
«Հարևաններից մեկը բողոքել էր, թե իբր երաժշտությունը խանգարում է։ Սկզբից երկու պարեկ եկան, պարեկների հետ գնացել ենք այդ շենքի մոտ, իրենք իրենց ականջով լսել են, որ շենքի մոտ ձայնը չի հասնում։ Պարեկներին բացատրել ենք, որ կա քաղաքապետարանի կողմից գիշերային ժամերին երաժշտություն միացնելու նախատեսված թույլտվություն, իրենք թողել-գնացել են։ Այդ նույն քաղաքացին 20 րոպե հետո նորից է ոստիկանություն զանգում, պարեկները գալիս են, ու այդ քաղաքացին լրիվ անհիմն ասում է, թե թմրանյութի հոտեր է գալիս։ Պարեկները մտնում են ներս, հետո կապ են տալիս, որ չգիտեմ ինչեր են գտնվել ու սկսում են բրիգադներ կանչել։ Բոլորիս ասում են, որ մտնենք ներս ու թույլ չեն տալիս ակումբից շուրջ 3 ժամ դուրս գալ»,-պատմեց Forrights.am-ին ահազանգած քաղաքացին։
Ակումբում, ըստ մեր զրուցակցի, 35-36 հոգի են եղել, նրանց մի մասը մասնակցել են ընկերներից մեկի ամուսնության առթիվ կազմակերպված երեկույթին։ Մեծաքանակ ոստիկանների ժամանելուց հետո սկսվել են հարվածները, սեռական բնույթի հայհոյանքներն ու ներկաների արժանապատվությունը վիրավորող արտահայությունները։
«Մարդկանց մի մասին վիրավորելով, ձեռքերը ոլորելով ձերբակալել տարել են։ Մարդիկ, որոնք պնդում էին, թե իրավունք չունեն իրենց նկատմամբ նման գործողություն անել, որովհետև հիմքեր չունեն, ոստիկաններն ուշադրություն չէին դարձնում։ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ կային, որոնց վիրավորել են, հայհոյանքներ են տվել ու նրանց ինքնասիրությանն են կպել»,-ասաց մեր զրուցակիցը։
Ոստիկանության ժամանելուց և շուրջ երեք ժամ ակումբում փակված մնալուց հետո, ըստ ականատեսի, ներկաներին տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին։
Forrights.am-ին ահազանգած քաղաքացիները նշում են, որ այնտեղ ևս շարունակվել են ոստիկանության ծառայողների կողմից հակաօրինական գործողությունները։
«Քաղմասում ձերբակալվածներից մեկը ոստիկաններին ասաց, որ իրենց թուրքի նման են պահում, քանի որ նրանց գործառույթը քաղաքացիներին պաշտպանելն է, ոչ թե ծեծելը։ Նրանց նստեցրին աթոռին ու ինչ տիպի կարող էին, սկսեցին ինքնասիրությանը կպնել, հայհոյել, վիրավորել, չռփել։ Մի ռուս տղայի կանդալել էին ու քցել էին գետնին, քանի որ ասաց ուզում է ծխել։ Ոստիկանները հարվածում էին, մազերից բռնել էին, գլուխը դեմ էին տվել պատին։ Բռնություն կիրառող ոստիկանները գոռում էին, վրաները տեսախցիկ ունեցող մյուս ոստիկաններին ասում էին՝ կամերաներն անջատեք, նոր առաջ արեք։ Չէին ուզում, որ իրենց կատարած բռնությունները ֆիքսվեն։
Մի աղջկա էին տանում, նշանածն ասեց ուզում եմ հետը գալ, ասացին՝ լռվցրա տեղդ, բոլորիդ նույն տեղն ենք տանելու։ Օրինապահ մարմնին ոչ բնորոշ բառապաշարով էին խոսում, անձնական վիրավորանքներով, նվաստացնող հայհոյանքներով»,-պատմեցին քաղաքացները, որոնք եղել են դեպքի վայրում։ Նրանց խոսքով, իրենց ձերբակալությունն արձանագրվել է լուսաբացին՝ ժամը 05:00-ին, չնայած, որ երեք ժամ մնացել էին ակումբում առանց ազատ տեղաշարժի հնարավորության։
Այս քաղաքացիները պնդում են՝ զրկված են եղել հեռախոսից օգտվելու, փաստաբաններին զանգելու հնարավորություններից։ Արաբկիրի ոստիկանությունում քաղաքացիներին ծեծելուց ու հայհոյելուց հետո, տեղափոխել են Քննչական կոմիտե, որտեղից ոմանք դուրս են եկել կեսօրից հետո։
Ոչ ՆԳՆ-ն, ոչ էլ ՔԿ-ն, որ ամենօրյա ռեժիմով բազմաթիվ հաղորդագրություններ են տարածում, այս միջադեպի վերաբերյալ արդեն երրորդ օրն է՝ պաշտոնական տեղեկություն չեն տարածել։ Forrighst.am-ին ՔԿ-ի լրատվական ծառայությունից հաստատեցին ակումբում կատարված գործողությունների մասին և ասացին, որ դրանք պայմանավորված են եղել ակումբում թմրամիջոցի ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալների իրացման հետ։
«Ակումբից 37 անձ տարվել է ոստիկանություն։ 34-ը կարճ ժամանակ անց ազատ են արձակվել, 3 անձ ձերբակալվել է։ Նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Իրականացվում է նախաքննություն։ Կոմիտեն ավելի ուշ հաղորդագրությամբ հանդես կգա»,- Forrights.am-ին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նշենք, որ մեզ ահազանգած քաղաքացիները հակառակն են պնդում՝ ընդգծելով, որ ոստիկանությունում, ինչպես նաև Քննչական կոմիտեում մնացել են առավոտյան ժամը 5-ից մինչև կեսօր։
ՔԿ-ն ոստիկանների ենթադրյալ անօրինականությունների հետ կապված որևէ մեկնաբանություն չի տալիս։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում