ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարց ուղղեց Փաշինյանին, թե արդյո՞ք չի կարծում, որ դեպի պատերազմ տանող կոնվեյերը կանգնեցնելը անհնար էր, որովհետև, ըստ նրա, Ադրբեջանին, Թուրքիային ձեռնտու էր պատերազմը, Ռուսաստանին՝ նույնպես, որ իր դիրքերն ամրապնդի Արցախում և զորք ունենա, ներքին քաղաքական ուժերին՝ նույնպես, որ Արցախի հարցը կլուծվի, հողերի վերադարձը կլինի ոչ իրենց ձեռքով, և դա կբերի իշխանափոխության։
«Այս ուժերի համախմբման և նրանց շահերի համընկման պայմաններում չե՞ք կարծում, որ կոնվեյերը կանգնեցնելը անհնար էր»,- ասաց Խաչատրյանը։
Փաշինյանը պատասխանեց․ «Ոչ, չեմ կարծում, եթե․․․ Մենք չպետք է հրաժարվեինք Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմից դուրս լինելու տեսլականից։ Այսինքն՝ մենք էդ պահին կարող էինք ասել, որ մենք հրաժարվում ենք ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից և գնայինք այդ ճանապարհով, որը իհարկե չի երաշխավորում, որ պատերազմից հնարավոր կլիներ խուսափել»։
Ապա Փաշինյանը խոսեց «Պատերազմի խաչմերուկների» մասին։ Նրա խոսքով խաչմերուկներից մեկը Լաչինի միջանցքի հարցն էր, մեկ այլ խաչմերուկը՝ ԼՂ հայ ու, այսպես կոչված, ադրբեջանական համայնքների ներգրավման գործընթացն էր, հաջորդը՝ հնարավոր դելիմիտացիայի ու դեմարկացիայի գործընթացը, խաղաղության պայմանագիրը։
«Այսինքն՝ ես չեմ ասում, որ պատերազմից խուսափելու տեսական հնարավորություն չկար, բայց այդ տեսական հնարավորության համար պարտադիր պայման էր ԼՂ հարցի կարգավորման հայկական տեսլականից հրաժարումը»,- հավելեց Փաշինյանը։