armenpress.am: Երևանի քաղաքապետարանը 150-ի փոխարեն 180 ավտոբուս ձեռք կբերի։ Կառավարության նիստում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նախկինում պայմանագրի շրջանակներում մենք 150 հատ ավտոբուս էինք ձեռք բերել, բայց Երևանի քաղաքապետարանը, մեր գործընկերներն աշխատել են լրացուցիչ պայմանագրի ուղղությամբ և կապալառուների հետ, և հիմա, առանց գնային փոփոխությունների, հատկացվող գումարի փոփոխությունների, 150 հատ ավտոբուսի փոխարեն ձեռք ենք բերում 180 ավտոբուս, այսինքն՝ ևս 30 ավտոբուս է գումարվում այդ նույն որոշման շրջանակներում»,- ասաց Փաշինյանը:
«Այսօր դա ամբողջությամբ իրականացված չէ, բայց գործն արվում է շատ մեծ տեմպերով, և եթե չեմ սխալվում, այս տարի արդեն Երևանի երթուղային, տրանսպորտային ցանցում մեզ հայտնի «ԳԱԶԵԼ»-ները չենք ունենա, և փոխարինված կլինեն բոլորովին նոր ավտոբուսային պարկով»,- ասաց Փաշինյանը: