Երբեք չենք ունեցել և չենք ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու «նախկին կամ ներկա» տրամաբանությամբ. ՀՀ վարչապետ |armenpress.am|

armenpress.am: Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել, ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային: Այս մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնադրման 105-ամյակին նվիրված «Դատախազության անկախությունը՝ որպես իրավունքի գերակայության երաշխավոր» թեմայով բարձր մակարդակի համաժողովում:

Խոսելով դատախազության դերի մասին՝ վարչապետը կարևորեց նաև կոռուպցիայի դեմ պայքարը:

«Մեր համոզմունքը շարունակում է մնալ այն, որ կոռուպցիան քանդարարար չարիք է յուրաքանչյուր պետության, առավել ևս՝ ՀՀ-ի նման պետության համար, որի մարտահրավերները մեզ հայտնի են և օբյեկտիվ պատճառներով երբեմն կրկնապատկվում են, երբեմն՝ եռապատկվում: Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է շարունակի մնալ Հայաստանի և՛ քաղաքական, և՛ դատաիրավական, և՛ օրենսդիր, և՛ մամուլի համար առաջնահերթ խնդիր: Ընդ որում, երբեք չենք ունեցել և չենք ունենալու միտում՝ կոռուպցիան տարբերակելու նախկին կամ ներկա տրամաբանությամբ: Կոռուպցիան կոռուպցիա է՝ անկախ նրանից, թե որ թվականին է դա տեղի ունեցել: Ցանկացած թվականին տեղի ունեցած ցանկացած կոռուպցիա նույնպիսի վնաս է հասցնում ապագային»,- հավելեց Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց՝ չեն կարող հանդուրժել այդ երևույթի ներկայությունը: Եվ դրա դեմ ամենօրյա պայքարը պետք է ավելի ու ավելի հետևողական լինի: 

«ՀՀ-ում և Հայաստանի հանրության ամենամեծ ակնկալիքը եղել և շարունակում է մնալ արդարությունը, արդարությունը բոլոր ոլորտներում՝ սկսած սոցիալականից՝ ավարտած քաղաքականով: Եվ իհարկե, արդարության ամենակարևոր արտահայտումը, թերևս, արդարադատությունն է»,- ասաց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ որպես քաղաքական իշխանություն՝ իրենք այս ուղերձն ամեն օր իրենց հետ ունեն՝ սկսած սոցիալականից մինչև արդարադատության ոլորտում էական բարեփոխումներ իրականացնելով:

Նա նշեց նաև, որ այս տարիներին աշխատավարձի էական բարձրացումներ են արել արդարադատության ոլորտում: Նաև, դատախազության համակարգի աշխատավարձերն են գրեթե կրկնապատկվել:

Բարձրացումներ եղել են դատական համակարգում, քննչական համակարգում: Վարչապետը հասկանալի համարեց, որ այդ մոտեցումները միշտ չէ, որ ընդունվում են բարյացակամորեն:

 «Բայց ամեն անգամ ես, աշխատավարձերի բարձրացմանն անդրադառնալով, ասում եմ, որ մենք դա անում ենք առաջնահերթ ոչ թե հանուն դատախազների, դատավորների, քննիչների, այլ, առաջին հերթին, հանուն քաղաքացիների, քանի որ այդ միջոցով մենք նպատակ ունենք բարձրացնել քաղաքացիներին մատուցվող ծառայության, արդարադատության որակը: Եվ այս առումով մեր քաղաքական խնդիրն է Հայաստանում արդարադատության նոր ստանդարտ սահմանելը: Եվ ես հավատում եմ, որ այդ նոր ստանդարտը հաստատման ճանապարհին է: Դա հեշտ ճանապարհ չէ, բայց հետևողականորեն գնում ենք դրանով»,- նշեց վարչապետը:

Նա հիշեցրեց, որ Հայաստանում երկար քննարկումների, բանավեճերի արդյունքում ի վերջո դատախազության համակարգում ստեղծվել է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը: Եվ այդ մեխանիզմը սկսել է գործել: Փաշինյանը նշեց՝ արդյունքները դեռ առջևում են, սակայն նաև միջազգային գործընկերների աջակցությամբ կկարողանան այս ոլորտում ՀՀ քաղաքացիների ակնկալիքներն օրենքի գերակայության պայմաններում ապահովել:

«Այսօր Հայաստանի Հանրապետության լրահոսում շատ հաճախ են հայտնվում տեղեկություններ, որ, օրինակ, ամենատարբեր առիթներով հարուցված քրեական գործերով քաղաքացիները, այդ թվում՝ ընդդիմության ներկայացուցիչներն, արդարանում են, նաև՝ դատապարտվում են: Եվ սա նույնպես արդարադատության նոր ստանդարտի հաստատումն է: Կար ժամանակ, երբ որևէ մեղադրանք գնում էր դատարան, ըստ էության՝ 99.9 տոկոս հավանականություն կար, որ դատարանում այդ մեղադրանքը կհաստատվի: Հիմա միշտ չէ, որ այդպես է: Բայց մյուս կողմից մենք ակնկալում ենք, և դատախազության մոտեցումն էլ այն է, որ մենք ամեն գործի վերաբերվենք այն տրամաբանությամբ, որ մեղադրանքները դատարանում պատշաճ պաշտպանվեն»,- ասաց Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ դատախազն և դատախազական համակարգի նկատմամբ Կառավարության և քաղաքական մեծամասնության ուշադրությունն ունի նաև տնտեսական շատ կարևոր շարժառիթ: Վարչապետն ընդգծեց, որ երկրում շատ լավ տնտեսական դինամիկա է հաստատված: Կառավարությունը հավատում է, որ արդարության, արդարադատության ոլորտում իրականացված լրացուցիչ ծախսերն ու ներդրումներն ապահովում են հետագա տնտեսական աճը, քանի որ տնտեսության և ներդրումների համար ամենակարևոր պայմաններից մեկն օրենքի գերակայությունն ու հավասար իրավական դաշտի առկայությունն է:

Շարունակությունը՝ armenpress.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն