Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ՝ ավտոտնակում, տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

2023 թվականիի հուլիսի 3-ին՝ ժամը 22։22-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի տարածքում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով առկա են փլուզումներ, կան տուժածներ: 

Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ նույն օրը՝ 23:30-ին, բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության բրիգադը նշված շենքի բակից իրենց մոտ է տեղափոխել մի տղամարդու՝ ջերմային այրվածքներով և այրվածքային ծանր շոկով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Իրացնելու նպատակով մարդու կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումք կամ ապրանք պատրաստելը, պահելը, փոխադրելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը կամ այդպիսի աշխատանք կատարելը կամ ծառայություն մատուցելը,  որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, առողջությանը ծանր վնասի պատճառում կամ այլ ծանր հետևանք), նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձևավորվել է քննչական խումբ և կատարվում է նախաքննություն։

Անմիջապես կատարվել է դեպքի վայրի զննություն: Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ Կոմիտասի 54/1 հասցեի բազմաբնակարան շենքին հարակից ավտոտնակներից մեկում գտնվել են հեղուկ գազի բալոններ, գազի զարքավորումներ։ Բալոններից մեկից տեղի է ունեցել գազի արտահոսք, իսկ պայթյունը, նախնական տվյալներով, առաջացել է քաղաքացու կողմից իր ավտոտնակը մտնելուց և լուսավորության լամպը միացնելուց հետո։

Պայթյունի հետևանքով քաղաքացին ստացել է այրվածքներ և մարմնական վնասվածքներ ու  տեղափոխվել բժշկական կենտրոն: Ուժգին պայթունից վնասվել են նշված շենքի բակի կողմն ուղղված բնակարանների պատուհանների փեղկերը, ապակիները, նշված հատվածում առկա բետոնե կառուցվածքների որոշ հավածներ: Շենքի բակում կայանված ավտոմեքենաներից մի քանիսը վնասվել և դեֆորմացվել են, շենքի մուտքերի դիմաց տեղակայված երկու ավտոտնակներ փլուզվել են գրեթե ամբողջությամբ, երրրոդը՝ մասնակի։

Մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով 2023թ. հուլիսի 4-ին որոշում է կայացվել  դատապայթունատեխնիկական փորձաքննություն նշանակելու մասին։

Դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են քննչական և դատավարական անհետաձգելի միջոցառումներ։ Այս պահի դրությամբ էլ քննիչները դեպքի վայրում կատարում են անհրաժեշտ գործողություններ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն