hetq.am: Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է Ուկրաինայի զինված ուժերի հակահարձակման ռազմավարության փոփոխման մասին։
Նրա խոսքով՝ հարձակման այս փուլում առաջ շարժվելը չի համարվում Ուկրաինայի զինված ուժերի հիմնական խնդիրը։ Նա նշել է, որ Ուկրաինայի պաշտպանության ուժերի առաջնային հրամայականը «կենդանի ուժի, տեխնիկայի առավելագույն ոչնչացումն է»։ «Հիմա ոչնչացման պատերազմը հավասար է կիլոմետրերի համար պատերազմի: <…> Գործում ենք հանգիստ, կշռադատված, քայլ առ քայլ»,- թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Դանիլովը։
Փոխարենը, ՌԴ ՊՆ-ն պնդում է, թե Ուկրաինայի զինված ուժերը հունիսի 4-ից «ձեռնարկում են հարձակման անհաջող փորձեր»։ Հունիսի 22-ին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարեց, որ «ուկրաինական կողմի անձնակազմի զոհերի թիվը հակահարձակման մեկնարկից ի վեր գերազանցել է 13 հազարը»։ Կիևը հերքում է այս տվյալները՝ պնդելով, որ դա մի քանի անգամ ուռճացված է՝ հավելելով, որ ռուսական զորքն օրական տալիս է «մինչև մի քանի հարյուր զոհ»։