Ադրբեջանի հանրային խոսույթն ամբողջությամբ հայատյացությամբ է լցված․ Անահիտ Մանասյան

Միջազգային գործընկերներին ներկայացված զեկույցների շրջանակում շատ կարեւոր տեղ է զբաղեցրել Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության քաղաքականության հետ կապված հստակ շեշտադրումը, որովհետեւ առանց նշված համատեքստի ներկայացման՝ սովորաբար ներկայացվում են եւ առաջ են բերվում հարցի լուծման տարատեսակ այլ ուղիներ՝ բացի միջանցքի արգելափակումը վերացնելուց, մինչդեռ խնդիրը ամբողջ պատկերի համատեքստում ներկայացնելը շատ կարեւոր դերակատարում կարող է ունենալ նշված լուծումները բացառելու տեսանկյունից, որոնք իրոք անհնար են դարձնում մարդու իրավունքների իրական պաշտպանությունը։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Մենք ամենօրյա ռեժիմով մոնիտորինգ ենք իրականացնում ադրբեջանական մամուլում հայատյացության քաղաքականության հետ կապված եւ մասնավորապես վերջին արտահերթ զեկույցի շրջանակում մանրամասն նկարագարել ենք, ցիտել ենք Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց, մասնավորապես նախագահի եւ նրանց օրենսդիր մարմինը ներկայացնող, գործադիր իշխանությունը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնայների խոսքը։

Այդ հանրային խոսույթն ամբողջությամբ հայատյացությամբ է լցված, ընդ որում՝ նկատի ունենալով խոսքը հնչեցնող անձանց կարգավիճակը՝ ակնհայտ է, որ հայատյացությունը պետական մակարդակով հովանավորվող է։ Եվ այս համատեքստում փնտրել այլ լուծումներ՝ իրավունքների պաշտպանությունը երաշխավորելու տեսանկյունից, բնականաբար ակնհայտ է, որ հնարավոր չէ»,- ասաց Մանասյանը։

Նա ավելացրեց, որ այս ողջ տեղեկատվությանն օգնելու է գալիս նաեւ սահմանամերձ բնակավայրերում իրականացվող ամենօրյա աշխատանքը եւ դրա հետ կապված հրապարակվող զեկույցները, որոնք պարտադիր թարգմանվում են անգլերեն եւ անմիջապես ուղարկվում գործընկերներին․ «Որովհետեւ այս բնակավայրերում նույնպես իրավունքների խախտումները, որոնք մենք ադրբեջանական զինծառայողների՝ ՀՀ ինքնիշխան տարածում գտնվելու արդյունքում ենք արձանագրում․ դրանք եւս վկայում են ոչ միայն իրավունքների խախտման մասին, այլ նաեւ հայատյացության ամբողջ քաղաքականության մասին։

Այստեղ խոսքը ոչ թե իրավունքների սովորական խախտումների մասին է, այլ կենսական նշանակության իրավունքների խախտումների մասին է, եւ այդ ամենը հենց հայատյացության ամբողջական քաղաքականության համատեքստում է, որը բնականաբար նպատակ ունի էթնիկ զտման ենթարկել նաեւ կոնկրետ բնակավայրեր եւ կոնկրետ տարածաշրջան, ինչն ակնհայտ է, որ չի համապատասխանում քաղաքակիրթ աշխարհում այսօր ընդունված արժեքներին»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով