tert.am: Համայնքներում կան բազմաթիվ հողեր, որոնք մշակման չեն ենթարկվում ու կան այգիներ, որոնք բերքատվություն չունեն, կարող է երկու բանկա մուրաբայի բերք տան կամ հինգ լիտր օղու համար անհրաժեշտ բերք։
Այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետությունը պետք է առաջարկի քաղաքացիներին, որ նրանք, ովքեր իրենց տնամերձ հողամասը կազատեն հին, սակավ բերքատու տնկիներից, պետությունը ձեզ կաջակցի 95 տոկոս ֆինանսավորմամբ, կտրամադրի որակի վկայագիր ունեցող տնկիներ ու կաջակցի նաև կաթիլային ոռոգում անցկացնելու հարցում։
Երբեմն փոքր տարածքում տարբեր տնկիներ են տնկված ու այն կոմերցիոն կշիռ ձեռք չի բերում։ Եկեք պատկերացնենք՝ եթե ամբողջ գյուղը սկսում է տնկել նույն մշակաբույսը, այն դառնում է տվյալ մշակաբույսի մատակարարման կլաստեր։
Երբեմն լինում է, որ գյուղացին ասում է՝ այս ծառը պապս է տնկել, ոնց կտրեմ, բայց պապն էլ է պապ ունեցել չէ՞, բա ոնց է, որ պապի պապի տնկած ծառը չէ հիմա այգում, այլ իր պապի, որովհետև պապը իր պապի ծառը կտրել է չէ՞, սա հասկանալի էմոցիա է, բայց մյուս կողմից էլ կառավարելի։ Եթե կա կիսաչորացած պոպոքի ծառ, կարելի է դրանից լավ հուշանվերներ պատրաստել։ Այն օգուտը, որ պետք է ստանանք, բայց չենք ստանում, դա չենք համարում որպես վնաս ու սա լրջագույն խնդիր է»,- ասաց Փաշինյանը։
Վերջինս ընդգծեց, որ սա արվելու է երկրի ընդհանուր զարգացմանն ուղղված ծրագրերի շրջանակում։