Հաջորդ շաբաթվանից Երևանի գետնացումներում 18 վերելակ կտեղադրվի, մեկը՝ «Փակ շուկայի» մոտի գետնանցումում |news.am|

news.am: Հաջորդ շաբաթ Երևանի «Փակ շուկայի» գետնանցումում ու ևս 8–ում կմեկնարկեն վերելակների տեղադրման աշխատանքները: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ նշեց Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը։

Ներկայացնելով Երևանի 9 գետնանցումում և Թաիրովի փողոցից Հաղթանակի կամուրջ բարձրացող աստիճաններին վերելակներ տեղադրելու հանձնարարականը` Գրիգորյանը նշեց, որ մրցույթն արդեն կայացել է. «Հաջորդ շաբաթ «Փակ շուկայի» գետնանցումում վերելակների տեղադրման աշխատանքները կմեկնարկեն ։ Մեկ զույգ վերելակը կդնեն երկու օրում, և հերթով մենք այդ 18 վերելակները կտեղադրենք»,- ասաց նա։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշեց, որ դա ամենակարևոր ծրագրերից մեկն է. «Թվում է՝ փոքր կոմպոնենտի մասին է խոսքը, բայց ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձանց համար քաղաքն առավել հարմար դարձնելը մեր կարևորագույն խնդիրներից մեկն է: Փուլ առ փուլ այդ խնդիրները պետք է լուծենք»,- ասաց փոխքաղաքապետը։

Հիշեցնենք, որ հիմնովին վերանորոգված «Փակ շուկայի» գետնանցումը փետրվարի 16–ին հանձնվեց շահագործման, սակայն աղմուկ բարձրացավ, որ 21-րդ դարում վերանորոգված գետնանցումը թեքահարթակ չունի։

Երևանի քաղաքապետարանից պարզաբանեցին, որ սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար գետնացումներում պետք է տեղադրվի և շահագործվի հատուկ վերելակ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն